Մշակույթ

Համազգային թատրոնի նոր շենքը 300 թատերասերի համար նախատեսված գեղեցիկ դահլիճ կունենա

3 րոպեի ընթերցում

Համազգային թատրոնի նոր շենքը 300 թատերասերի համար նախատեսված գեղեցիկ դահլիճ կունենա

ԵՐԵՎԱՆ, 29, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում կկառուցվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համար նախատեսված նոր շենք:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը մանրամասներ հայտնեց: «Ամռանը թատրոնի շենքի հարցը կրկին բարձրացվեց: Սեփական շենք ունենալու որոշումը կայացված է, մնում է, որ Ֆինանսաբանկային քոլեջի շենքը հիմնահատակ քանդվի և դրա տեղում կառուցվի մեր թատրոնը»,-ասաց Չալդրանյանը:

Նա ընդգծեց, որ աշխատել է նախագծի վրա և խոստովանեց, որ միայն երազել կարելի էր նման պրոյեկտի մասին: Թատրոնը կունենա 300 թատերասերի համար նախատեսված գեղեցիկ դահլիճ, վարչական մաս, ճեմասրահ, սրճարան:

«Մեզ խոստացել էին, որ վերը նշված շենքը պետք է քանդեն սեպտեմբերին. առ այսօր չեն արել, հիմա խոստանում են, որ մայիսին կսկսվեն աշխատանքները: Ես շատ լավ գիտակցում եմ, որ մեր երկրում ամեն բան չէ, որ վայրկենապես է իրականացվում, սակայն հանգիստ եմ և լիահույս, քանի որ որոշումն ընդունված է, և դրա դեմ ոչ ոք ոչինչ անել չի կարող»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը:

Վիգեն Չալդրանյանն ասաց՝ լավ է, որ իրենց թատերախումբը փողոցում չէ: «Այնպես չէ, որ ես կամ դերասաններից որևէ մեկը գիշերը չի քնում և մտածում է, որ մենք վատ պայմաններում ենք աշխատում: Այդպես չէ: Ամեն ինչ հիանալի չէ, բայց վատ էլ չէ: Իհարկե, մեզ շատ լավ պայմաններ են սպասվում: Կարծում եմ՝ թատրոնը սկսվում է շենքից: Ստանիսլավսկին ասում էր, որ թատրոնը սկսվում է կախիչից, բայց շենք պետք է լինի, որ կախիչ լինի: Թատերական ինստիտուտում հյուրի կարգավիճակում ենք արդեն տասնյակ տարիներ, և բեմը կիսում ենք ինստիտուտի հետ. ամսվա կեսը մերն է, կեսը՝ նրանցը: Այնինչ, թատրոնը կենդանի օրգանիզմ է. սիրտը չպետք է կանգնի, այն պետք է միշտ բաբախի»,-ընդգծեց Չալդրանյանը:

Նա նշեց, որ լավ, թե վատ պայմաններում իրենք աշխատում են, տեղում չեն դոփում, ունեն առաջնախաղեր և փորձում են ապահովել որակ, հանդիսատես:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին մեծանուն դերասան Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չունի:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Վիգեն Չալդրանյանի ֆեյսբուքյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում