Պաշտոնական

Վարչապետի մոտ Երևանում ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման հարցեր են քննարկվել

2 րոպեի ընթերցում

Վարչապետի մոտ Երևանում ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման  հարցեր են քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ են ներկայացվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի սահմանմանը, հետիոտնի կողմից փողոցների կամայական հատվածները չհատելու նպատակով արգելապատնեշների կառուցման առաջարկություններին: Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվում ուսումնական հաստատությունների, հասարակական վայրերի ճանապարհահատվածներում 2-րդ երթևեկելի գոտիներում տրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման ուղղությամբ. նախատեսվում է այդ նպատակով տարբեր հատվածներում տեղադրել նաև տեսախցիկներ: Երթևեկությունը կարգավորելու նպատակով ՃՈ-ի կողմից քաղաքի առայժմ ծայրամասերում իրականացվում է լուսացույցերի նոր համակարգի պիլոտային ծրագիր, որը նախնական գնահատականներով գործում է արդյունավետ և հնարավոր է առաջիկայում դրանց կիրառումը ընդլայնել:

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն վերլուծել ներկայացված բոլոր տարբերակներն ու ներկայացնել երթևկության արդյունավետ կառավարմանը և քաղաքի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված վերջնական առաջարկություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում