Տնտեսություն

Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չի համարում

2 րոպեի ընթերցում

Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չի համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չի համարում: Նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի ատոմակայանը ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելու դեպքում: Որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո մասնագետները կարող են որոշել, թե որքան կյանք կարող է ունենալ և որքան ժամանակ կարող է շահագործվել երկրորդ էներգաբլոկը: Կառուցել նոր էներգաբլոկ, երբ ունենք գործող էներգաբլոկ, որը կարելի է անվտանգ և անխափան շահագործել ևս որոշակի ժամանակահատված, այս պահին նպատակահարմար չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

Նախարարն ընդգծեց, որ միջուկային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են: Նրա խոսքով՝ եթե 5 տարի առաջ այլընտրանք կար ընդամենը երկու տեխնոլոգիաների միջև, ապա այսօր առնվազն 5 այլընտրանք կա, որոնցից յուրաքանչյուրը կիրառելի է մեր համակարգում, դրանցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է, շատ ավելի անվտանգ է, ավելի հուսալի է: «Հետևաբար, կառավարության որոշումը եղել է պարզ՝ գործող էներգաբլոկը շահագործել այնքան, որքան ռեսուրս այն ունի անվտանգ շահագործման համար, իսկ շահագործման ժամկետը որոշելուց հետո նոր քննարկել, թե երբ կկառուցենք նոր էներգաբլոկը և ինչ տեխնոլոգիայով»,- եզրափակեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում