Շառլ Ազնավուրը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանին նվիրված համերգին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում մարտի 13-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը հյուրընկալող Հայաստանին նվիրված մեծ համերգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի և Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն այս համերգն անցկացվեց Շառլ Ազնավուրի բացառիկ մասնակցությամբ։ Համերգին մասնակցում էին նաև Տիգրան Համասյանը, ֆրանսահայ երգահան, դաշնակահար Անդրե Մանուկյանը, ֆրանսահայ օպերային երգչուհի Արմել Խուրդոյանը, «Թումանյան մեկ» քառյակը։

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը, Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անրի Մոնսոն, Ժնևում ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Հասմիկ Տոլմաջյանը։

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերն առաձնահատուկ ողջունեց Ֆրանկոֆոնիայի և Հայաստանի մշտական ներկայացուցչությունների այս կարևոր նախաձեռնությունը։

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը իր խոսքում, հիշատակելով Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ հրաշքների երկիր» երգի բառերը, մասնավորապես նշեց, որ «Ազնավուրի երգերը վերաբերում են բոլորին անխտիր, և մեզանից յուրաքանչյուրն ունի հրաշքների իր երկիրը։ Շառլ Ազնավուրի համար հրաշքների այդ երկիրը Հայաստանն է»։ Հայաստանը մի երկիր է, շարունակեց նա, որտեղ «մեկ անգամ ոտք դնելով, այն մշտապես պահում ես սրտում»։

ՄԱԿ Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Հասմիկ Տոլմաջյանն ողջույնի խոսքում իր ջերմ երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Ֆրանկոֆոնիայի մեծ միջոցառումը Հայաստանին նվիրելու համար: Նա նաև նշեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ Անտանանարիվուի գագաթաժողովում ընդունված որոշումը Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների կողմից Հայաստանի՝ ի նպաստ կազմակերպության և նրա արժեքներին հանձնառության գնահատականի արտահայտությունն է։ Նա ընդգծեց, որ հայ հասարակության մեջ ֆրանկոֆոնիայի տարածման վրա իր կարևոր ազդեցությունն է ունեցել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ֆրանկոֆոն տարբեր երկրների, մասնավորապես՝ Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի հետ հաստատված ջերմ հարաբերությունները: Նշվեց նաև, որ Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար նաև կարևոր հարթակ է համագործակցությունն ամրապնդելու այն երկրների հետ, որոնց հետ չունի ավանդականորեն ձևավորված սերտ հարաբերություններ: Միևնույն ժամանակ, Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես իր կարևոր նպաստն է բերում Ֆրանկոֆոնիայի տարածմանը մի տարածաշրջանում, որտեղ վերջինս բավականաչափ ներկայացված չէ: Այս առումով նա նշեց, որ երևանյան գագաթաժողովը կազմակերպության գերագույն մարմնի երկրորդ հանդիպումն է, որը գումարվելու է արևելաեվրոպական տարածաշրջանում:

Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ Անրի Մոնսոն, իր խոսքում անդրադառնալով ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի ունեցած դերին, նշեց, որ Ֆրանկոֆոնիան միավորում է 84 երկրներ աշխարհի 5 մայրցամաքներից, որոնցից 54-ը կազմակերպության լիիրավ անդամ երկրներն են։ Ֆրանկոֆոնիայի ստեղծման հիմքում ի սկզբանե եղել է բազմակողմ հարաբերությունների համար հարթակ ստեղծելու միտումը, որի հիմքում ընկած է ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակութային բազմազանությունը։

Անրի Մոնսոն խոսեց նաև Ժնևում Ֆրանկոֆոնիայի ներկայության ռազմավարական նշանակության մասին՝ նշելով, որ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակը միակն է, որ տեղակայված է ֆրանկոֆոն միջավայրում։ Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչը կարևորեց նաև մի շարք ծրագրերում և նախաձեռնություններում Ֆրանկոֆոնիայի և ՄԱԿ ժնևյան գրասենյակի միջև փոխադարձ աջակցությունը։

Երեկոն առիթ հանդիսացավ Ֆրանկոֆոն դեսպանների խմբի կողմից սահմանված անդրանիկ մրցանակաբաշխության անցկացման համար։ Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ Անրի Մոնսոն նշեց, որ «մրցանակը նպատակ ունի գնահատելու այն գործչին կամ հաստատությունը, որը 2017թ ընթացքում ծավալած իր գործունեությամբ նպաստել է Ժնևում ֆրանկոֆոն արժեքների, այն է՝ ժողովրդավարության, իրավական պետության, բազմալեզվության, մշակութային բազմազանության արժեքների խրախուսմանը»։ Ֆրանկոֆոն դեսպանների անդրանիկ մրցանակը հանձնվեց միաժամանակ ՄԱԿ ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերին և Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին։

Համերգին ներկա էր շուրջ 2000 հրավիրյալ՝ Միավորված ազգերի կազմակերպության, ինչպես նաև Շվեյցարիայի դաշնային և տեղական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպաններ, ինչպես նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Երեկոյի կազմակերպմանն իրենց աջակցությունն ու ներդրումն են բերել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Ժնևի քաղաքապետարանը, ինչպես նաև Պողոսյան, Փիլոսյան և Փիլիպոսյան, Իզմիրլյան հիմնադրամները, ՀԲԸՄ-Շվեյցարիայի կոմիտեն և հասարակական այլ կազմակերպություններ»։

Հայերեն

Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի

Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը

Հայաստանի ԱԳ նախարարի հետ բաց քննարկում ենք ունեցել և մի շարք հարցերում հասել փոխընդունելի հանգուցալուծման․ Լավրով

Հունիսի 1-ն` օպերային աստղերի հետ. Երևանի քաղաքապետարանն ու Օպերային թատրոնը մրցույթ են նախաձեռնել

Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին

Մարզերում մանկավարժների կադրային խնդրի պատճառով նախատեսվում է փոխհատուցել նրանց տրանսպորտային ծախսերը