Տնտեսություն

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերով

2 րոպեի ընթերցում

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունեց քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին և «China State Construction Engineering» կորպորացիայի փոխնախագահ Սյու Թաոյին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով նախարարին` հյուրերը ներկայացրին իրենց գործունեության շրջանակները՝ ընդգծելով, որ առավելապես հետաքրքրված են Հայաստանում պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ կատարվող ճանապարհաշինական ծրագրերով։

Նշվեց, որ «China State Construction Engineering» կորպորացիան աշխարհում շատ մեծ ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը 100-ից ավելի երկրներում շուրջ 5600 ծրագիր է իրականացրել։ Կառուցում են բարձրորակ, ժամանակակից շենք -շինություններ, օդանավակայաններ, արագընթաց մայրուղիներ ու երկաթուղիներ, թունելներ ու կամուրջներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը և առաջարկեց մասնակցություն ունենալ երկրի հարավային հատվածում իրականացվող շինարարությանը, որը նույնպես կյանքի է կոչվում պետություն - մասնավոր հատված ձևաչափով։

Չարլզ Հայդերը նշեց, որ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը մեծ պոտենցիալ ունեն, ուստի հույս ունեն հնարավորին շուտ սկսելու իրենց առաջին ծրագիրը Հայաստանում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել նախարարության և չինական կազմակերպության մասնագետների հանդիպում՝ քննարկելու հնարավոր համագործակցության տարբերակներն ու պայմանները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում