Տնտեսություն

Հայաստանն ու Մեքսիկան կստորագրեն ներդրումների խրախուսման համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Մեքսիկան կստորագրեն ներդրումների խրախուսման համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:

Նախագծով սահմանված են Հայաստանի և Մեքսիկայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի պետության ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն:

Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Նախագծի առանձին հոդվածով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև համաձայնագրի կիրառումը:

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում