Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կվիրիկաշվիլիի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Վրաստանի իր գործընկերոջն օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ Նախագահի և վարչապետի հետ:

Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում