Արցախ

Արցախի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում ելույթ է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-ԵՄ 1988-2018» խորագրով միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում ելույթ է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-ԵՄ 1988-2018» խորագրով միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված համաժողովին, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018 թթ.» խորագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ լրատվական ծառայությունից, միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԽ կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում ընդունված բանաձևերին, տարածաշրջանում ԵՄ ներկայիս քաղաքականությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքներին առնչվող մի շարք հարցերի։

Իր ելույթում Արմինե Ալեքսանյանն ընդգծել է Արցախ-ԵՄ համագործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Միջոցառմանը, որը նպատակ ուներ խրախուսել եվրոպական հաստատություններին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մասնակցում էին ԵԽ բազմաթիվ պատգամավորներ, ԵՄ տարբեր կառույցների աշխատակիցներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում