Շարմազանովն անդրադարձել է Գագիկ Հարությունյանի ընտրության քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելու «Ելք»-ի հայտարարություններին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում «Ելք» խմբակցության կողմից Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները հանձնաժողովի կազմում ներառված են, և առնվազն կոռեկտ չէ, երբ հարցականի տակ են դնում այդ ստորագրությունները:
Դիտարկմանը, թե Փաշինյանն առաջարկել է վերացնել քվեարկության արդյունքների ամփոփումը փակ դռների հետևում անցկացնելու ձևաչափը և այդ գործընթացն իրականացնել լրագրողների ներկայությամբ, Շարմազանովը պատասխանեց. «Եթե «Ելք» խմբակցության ղեկավարն ավելի շատ է վստահում մեր լրատվամիջոցներին, քան իր խմբակցության գործընկերներին, դա իրենց խնդիրն է։ Ես այստեղ ասելու բան չունեմ, ուրեմն իրենք լուրջ ճգնաժամի առջև են կանգնած»:
Դիտարկմանը, թե «Ելք»-ը պնդում է, որ իրենց ձայները դիտմամբ են կեղծվել իրենց շարքերում պառակտում մտցնելու համար, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ինքն էլ շատ բան կարող է ասել: «Չի կարելի պատգամավորներին վիրավորել։ Արձանագրությունը նրա համար է, որպեսզի պատգամավորները ստորագրեն ու ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր պատգամավորներն առանց բացառության ստորագրել են, ու պետք չի քո կուսակցության կամ այլ կուսակցության անդամին վատ դրության մեջ դնել», - նշեց նա։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությանը մասնակցելուց հետո հայտնել էր, որ խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը, իսկ մյուս երեք թեկնածուների քվեարկությունը իրականացնել ազատ: Քվեարկության արդյունքներով Գագիկ Հարությունյանը հավաքել է 98 կողմ և 2 դեմ ձայն, մինչդեռ «Ելք» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել է 7 պատգամավոր: Նիկոլ Փաշինյանն այնուհետև լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը դիտմամբ փոխել է իրենց քվեաթերթիկները խմբակցության մեջ պառակտում մտցնելու համար: