Մինաս Ավետիսյանի երբևէ չցուցադրված գործերը կներկայացվեն հոբելյանական ու խոշոր ցուցահանդեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային պատկերասրահը Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսից հետո արվեստասերներին նոր տոն կպարգևի: Նախատեսվում է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես իրականացնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ Մինաս Ավետիսյանի գեղանկարների մեծ ցուցահանդես վաղուց չի կազմակերպվել: «Ցանկանում ենք շքեղ, գեղեցիկ «Արարում»-ին ոչնչով չզիջող ընդգրկուն ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն ինչպես պատկերասրահի, այնպես էլ` մասնավոր հավաքածուներում գտնվող աշխատանքներ»,- նշեց նա և հավելեց, որ ցուցահանդեսը նախատեսվում է ապրիլին, բայց գուցե չհասցնեն, քանի որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու:

Ծատուրյանի խոսքով՝ ցավոք, Մինաս Ավետիսյանի գլուխգործոցների զգալի մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում: Տնօրենը բանակցում է հավաքորդների հետ` նրանց մոտ եղած արժեքավոր կտավները ցուցահանդեսում ներառելու համար:

«Աշխատելու ենք ցուցադրել նկարներ, որոնք նախկինում երբևէ չեն ներկայացվել: Վերջերս Մինասի նատյուրմորտներից մեկը տեսա, որը շշմելու էր, մոգական ուժ ուներ, իսկական գլուխգործոց: Կանեմ ամեն բան, որ այն նույնպես ընդգրկվի ցուցահանդեսում»,-նշեց նա:

Արման Ծատուրյանն ընդգծեց, որ ցուցահանդես կազմակերպելիս ձգտում են ներկայացնել նկարչի կյանքը. ով է եղել, ինչպես է ապրել, ինչի մասին է երազել, ինչ է ցանկացել ասել իր արվեստով, երջանի՞կ է եղել անձնական կյանքում, երջանկությունը կամ դժբախտությունն ազդե՞լ են իր արվեստի վրա, թե՞ հակառակը: Ըստ Ծատուրյանի՝ ճիշտ և ազդեցիկ ցուցադրության համար հրաշալի և բացառիկ կտավները պետք է համատեղել վերոնշյալ ասպեկտների հետ: «Մինասի կյանքն ինքնին առեղծվածային էր. ինչպես նա ապրեց, ինչպես մահացավ՝ գաղտնիք է»,-շեշտեց նա:

Տնօրենը վստահ է, որ Մինաս Ավետիսյանին նվիրված վառ, գունեղ, խոր ու հետաքրքիր ցուցահանդեսը յուրահատուկ մշակութային իրադարձություն կլինի, որի մասին երկար կխոսվի:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին