Տնտեսություն

Շվեյցարիան կարեւոր երկիր է Հայաստանի համար. Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը

3 րոպեի ընթերցում

 Շվեյցարիան կարեւոր երկիր է Հայաստանի համար. Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպմանը հանդես եկավ բացման խոսքով՝ շեշտելով, որ Շվեյցարիան կարեւոր երկիր է Հայաստանի համար թե հարաբերությունների, թե բիզնես մոդելների համատեքստում:

«Ուզում եմ՝ այս հանդիպման քննարկումները լինեն արգասաբեր եւ առարկայական, որպեսզի ստեղծվի հնարավորություն ուսումնասիրելու բոլոր առավելությունները, որոնք ընձեռում են համապատասխանաբար երկու երկրների տնտեսությունները: Ուզում եմ նշել այն դերը, որ ունեն կառույցները, մասնավորապես, մեր համատեղ հայ-շվեյցարական առեւտրաարդյունաբերական պալատը, խորհրդարանական բարեկամական խմբերը, որոնք հնարավորինս աջակցում են այս համագործակցությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Վաչե Գաբրիելյանը:

Նա ընդգծեց, որ ցամաքով շրջապատված փոքր երկիրը՝ Շվեյցարիան, հասել է մեծ հաջողությունների գիտություն, արդյունաբերության եւ այլ ոլորտներում: Փոխվարչապետը հավատացած է, որ Հայաստանը նույնպես շատ առաջարկներ ունի շվեյցարացի գործընկերներին: Հայաստանն ունի պատմություն, հետաքրքիր դիրք, ինչպես նաեւ գործում է այնպիսի առեւտրային ռեժիմներում, որոնք երկրին տալիս են եզակի առավելություններ:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը հիշեցրեց, որ Հայաստանում առաջին անգամ եղել է դեռեւս 10 տարի առաջ: Շվեյցարացի պաշտոնյան այժմ տեսնում եւ գնահատում է Հայաստանում արձանագրված դրական շարժը տնտեսական ոլորտում:

«Այն պետք է թույլ տա, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ բնակչությունը մնա այստեղ»,-ասաց Դոնիմիկ դե Բումանը՝ երկկողմանի համագործակցության համատեքստում առանձնացնելով արեւային էներգիայի, գինեգործության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում