Արցախ

Եվրոպացի պատգամավորը գնահատում է ճնշման տակ գտնվող Արցախի ժողովրդի ժողովրդավարություն կառուցելու ձգտումը

5 րոպեի ընթերցում

Եվրոպացի պատգամավորը գնահատում է ճնշման տակ գտնվող Արցախի ժողովրդի ժողովրդավարություն կառուցելու ձգտումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի ժողովուրդը ճնշման տակ է գտնվում, սակայն ձգտում է ապրել լավ կյանքով և կառուցել ժողովրդավարություն: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի մեծագույն ցանկությունն է, որ մի օր Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի կարողանան ապրել խաղաղությամբ, և հակամարտությունը լուծում գտնի:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին Ստեփանակերտում կայացած ասուլիսում այս մասին է ասել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնը:

«Շատ տպավորված եմ Արցախի ժողովրդով: Իհարկե, այստեղ մենք գործ ունենք մի հասարակության հետ, որը ճնշման տակ է գտնվում, բայց սա մի ժողովուրդ է, որը ձգտում է ապրել լավ կյանքով և կառուցել ժողովրդավարություն:Այս շատ կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք ուսուցողական և հագեցած ծրագիր, որի ընթացքում շատ տեղեկություններ հավաքեցինք: Չնայած, որ իմ այցելությունը անհատական բնույթ է կրում, այնուամենայնիվ շատ կարևոր են նման այցերը՝ Արցախի մասին ավելի ընդհանուր և խորը պատկերացում ունենալու համար: Ես Եվրոպական խորհրդարանում արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ՝ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, և մարդու իրավունքները իմ աշխատանքում կենտրոնական տեղ են զբաղեցնում: Մենք մեր տարբեր հանդիպումների ընթացքում քննարկել ենք նոր Սահմանադրությունը, մարդու իրավունքները և հակամարտության ամբողջ ենթատեքստը: Մարդու իրավունքները շատ կարևոր են, քանի որ դրանք ցանկացած ժողովրդավարության հիմքն են, անկյունաքարը: Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղեկավարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, բայց կարծում եմ, որ, ընդհանրապես, մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի ակտիվ դեր խաղանք խաղաղության տարբեր նախաձեռնություններում, որպեսզի երկխոսությունն ավելի ակտիվ ընթանա: Խաղաղությունը և կայունությունը շատ կարևոր են այստեղ ապրող մարդկանց համար, բայց դրանք կարևոր են նաև եվրոպացիների համար»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Երկօրյա այցի ընթացքում պատգամավորը տարբեր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Եվրոպայի հետ բարեկամության խմբի անդամ պատգամավորների, կրթության, գիտության ու սպորտի, մշակույթի, երիտասարդության ու զբոսաշրջության, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև բրիտանական ոչ կառավարական «Halo Trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց կողմից տարվող աշխատանքներին:

Լարս Ադակտուսոնի գրասենյակի տնօրեն Չարլի Վեյմարսն էլ անդրադարձել է Արցախում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին: Նա մասնավորապես նշել է, որ սահմանադրական փոփոխությունները շատ բնական գործընթաց են ժողովրդավարության համար, և հարկ է ընդգծել, որ փոփոխվել է դատավորների նշանակվելու կարգը:

«Կարծում եմ՝ ժողովրդավարական զարգացումն Արցախում ճիշտ ուղղությամբ է ընթանում: Եվ այն փաստը, որ դատավորները ընտրվում են Խորհրդարանի կողմից, արդեն իսկ ցույց է տալիս, որ դատավորների ընտրության գործընթացն ապաքաղաքականացվում է: Դուք ուղղված եք դեպի Եվրոպա, և օրենքի գերակայությունը եվրոպական հասարակության, քաղաքական համակարգերի ամենագլխավոր բաղադրիչներից է, բայց դրա կողքին շատ կարևոր է մարդկանց կյանքի որակը բարելավելու սկզբունքը և նպատակը: Մենք տեսանք այստեղ այդ կամքը, որի համար շատ ուրախ ենք»,- ասել է Չարլի Վեյմարսը:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ իրենց աշխատանքի մեծ մասը նվիրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ավելի բարեկեցիկ կյանք ունենալուն, և իրենք իրենց ուժերի ներածին չափով փորձելու են իրական ապագա ստեղծել ժողովրդի համար:

«Այս շրջանում մեր հիմնական աշխատանքն է շփման գծի վրա տեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անվտանգության համակարգը, որը պետք է ստուգի, թե որ կողմն է խախտում զինադադարը, որպեսզի մեր երիտասարդները չտուժեն: Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը, Հայաստանի առաջին Հանրապետության և Արցախի առաջին համագումարի 100-ամյակը: Այս տարի պետք է փորձենք մինչև տարեվերջ ունենալ զանազան միջոցառումներ՝ նշելու մեզ համար շատ կարևոր այս իրադարձությունները»,- եզրափակել է Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում