Տնտեսություն

Նոր օրենքը թույլ կտա համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների կարողությունները. Դավիթ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Նոր օրենքը թույլ կտա համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների կարողությունները. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնական վիճակագրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ, ի տարբերություն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ընդգրկելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլև ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները:

«Այն հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության աստիճանը վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նախագծով, ըստ նրա, հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և համապատասխանեցվել միջազգային պահանջներին, սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայվել է ծառայության նախագահի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը:

Մանրամասն կարգավորվել են պետական խորհրդի կողմից նիստերի հրավիրման և որոշումների կայացման ընթացակարգերը: Օրինագծով բարձրացվել են պաշտոնական վիճակագրության որակին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից: Նախատեսվել են որակի ապահովման նաև այլ երաշխիքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում