Պաշտոնական

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ:

Նախագահը շնորհավորել է Ֆրանսուա դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը: Հանրապետության Նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին` ուղղված հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը: Այդ գործունեությունը, ըստ Նախագահի, դրսևորվում է նաև պատգամավորների Հայաստան այցերի ժամանակ երկրի մասին ճիշտ պատկերացումների ձևավորմամբ և համապատասխան տեղեկատվության տարածմամբ, որը թույլ է տալիս Ֆրանսիայում առավել ամբողջական և օբյեկտիվ պատկերացում կազմել Հայաստանի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով, համահունչ է Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների առաջամարտիկ երկրի համբավին։ Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել նաև հայ-ֆրանսիական սերտ համագործակցության մասին բազմակողմ հարթակներում` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, ինչը, նրա կարծիքով, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորման գործին, բացահայտում` Արցախի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծիքը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ֆրանսուա դը Ռյուժին անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրանց հետագա զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում