Տնտեսություն

ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում

2 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահը գնաճային սպասումները գերագնահատված է համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը գնաճային սպասումները միանշանակ գերագնահատված է համարում: Այս մասին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Ակցիզային հարկի և մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացմամբ և մի քանի ապրանքատեսակների գների աճով պայմանավորած ավելացել են գնաճային սպասումները, որոնք ուժգնանում են որոշ փորձագետների, գործիչների, մամուլում պարբերաբար շրջանառվող չհիմնավորված շահարկումների պատճառով: Մենք այդ սպասումները միանշանակ համարում ենք գերագնահատված: Դրա համար է, որ չնայած գնաճային սպասումների ավելացմանը, Կենտրոնական բանկը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արթուր Ջավադյանը:

Պաշտոնյան հավելեց, որ նախորդ երկու տարիներին գնաճային սպասումները նվազել են, ինչը դրական երևույթ է ցանկացած տնտեսության համար: Արդյունքում նվազել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է: «Դրամական ավանդների աճը կազմել է 33.5 տոկոս, արտարժութային ավանդների աճը`10.1: Վարկավորման կառուցվածքում ևս դրական ցուցանիշներ կան, դրամային վարկերի աճը 28.8 տոկոս է, արտարժութային վարկերինը` 10.6 տոկոս: Դրամի նկատմամբ վստահությունը էապես բարձրացել է»,-ընդգծեց ԿԲ նախագահը:

2018-ի սկզբին մի շարք ապրանքային շուկաներում արձանագրվել է գների ավելացում` հարկային դրույքաչափերի փոփոխությունների ազդեցությամբ:

Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում