Ադրբեջանում բանկին պարտք լինելու պատճառով ինքնահրկիզվել է հերթական քաղաքացին
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում բանկին պարտք լինելու պատճառով ինքնահրկիզվել է հերթական քաղաքացին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/918432.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկին ունեցած պարտքերի պատճառով Ադրբեջանի Մասալիի շրջանի Շարաֆ գյուղի բնակիչ Ռագիֆ Զեյնալովն ինքնահրկիզվել է շրջանային դատարանի շենքի առջև:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 9-ին, երբ դատարանը որոշում է կայացրել պահել Զեյնալովի աշխատավարձը բանկային պարտքը մարելու նպատակով:
Ռագիֆ Զեյնալովը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր:
2017 թ. մայիսին Ադրբեջանում գործող Bank Respublika-ի մասնաճյուղերից մեկի առջև Բաքվի քաղաքացի Ռամիզ Մանաֆովը ինքնահրկիզվել էր բանկին ունեցած պարտքերի պատճառով:
Տղամարդը պարտքը վճարել էր, սակայն մանաթի հերթական արժեզրկման և վերահաշվարկի արդյունքում նորից բանկին պարտք էր մնացել:
Վերջին տարիներին Ադրբեջանում ինքնասպանության փորձերի թիվը կտրուկ մեծացել է:
Ադրբեջանական հոգեբանների կարծիքով, ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով: