Տնտեսություն

Հայաստանը համակարգված կաշխատի Մեղրի ԱՏԳ-ի երկրորդ փուլը սեղմ ժամկետում ավարտելու համար

2 րոպեի ընթերցում

  Հայաստանը համակարգված կաշխատի Մեղրի ԱՏԳ-ի երկրորդ փուլը սեղմ ժամկետում ավարտելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Մեղրի ազատ տնտեսական գոտուն և հիշեցրեց, որ դեկտեմբերի 15-ին ավարտվել է կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ ԱՏԳ-ի ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվել է վերջինիս գործունեության մեկնարկը։ «Միաժամանակ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։

Արտաքին գործերի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին վարչապետը հանձնարարեց շարունակել աշխատանքները Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին էլ հանձնարարվեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կառավարության աշխատակազմ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում