Արցախ

Արցախի նախագահը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնը

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դուք իրականացնում եք կարեւոր ծառայություն, որի արդյունավետությունից է նաեւ կախված ազգային անվտանգության, հասարակության եւ պետության շահերի պաշտպանության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության ապահովումը: Բարձր մակարդակի վրա է գտնվում պաշտպանության նախարարության հետ ձեր համագործակցությունը՝ ուղղված պետության սահմանների պաշտպանությանը:

Արցախի քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապրում է ապահով ու անվտանգ երկրում: Եվ այդ գործում մեծ է հատկապես ազգային անվտանգության համակարգի դերակատարությունը, ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային բարձր որակները:

Ձեր գործառույթների հաջող իրականացման նպատակով պետությունը հետեւողական աշխատանք է տանում կառույցը ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով հագեցնելու, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այս քաղաքականությունը կկրի շարունակական բնույթ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում