Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդում դեկտեմբերի 15-ին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, բուհական համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային խորհրդից, Փոխնախարարը հիմնավորել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը և ներկայացրել հիմնական նպատակները, որոնք են՝ բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման և կատարելագործման արդյունավետ իրավական հենքի ստեղծումը, համակարգի մրցունակությունը, նորարարությունների ներդրումը, բարձրագույն կրթության շարունակական զարգացման գործում հասարակության և պետության դերակատարության կարգավորումը:

Հանրային խորհրդի անդամները, որոնցից շատերը նաև սերտ առնչություն ունեն բարձրագույն կրթության համակարգի հետ, բարձրացրել են օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր, մտահոգություններ և ներկայացրել են առաջարկներ բուհի ակադեմիական, կադրային, կազմակերպական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են կրթության որակի ապահովման, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության խնդիրները, խնդրահարույց է համարվել օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, և ռեկտորը կարող է նրա հետ կնքել մինչև 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Մանրամասն անդրադարձ է կատարվել ասպիրանտուրայում նախատեսվող բովանդակային փոփոխություններին, կրթական չափորոշիչներին, հեռավար ուսուցմանը, բուհերի կառավարման համակարգին, անցումային դրույթների հետ կապված հարցերին, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքներին (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), որակավորումների պետական գրանցամատյան և այլն): Հանրային խորհրդի անդամները նաև մատնանշել են այն դրական փոփոխությունները, որոնք կարող են ապահովվել նոր օրենքի ընդունմամբ:

Կրթության և գիտության փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին՝ արդյունավետ քննարկման և ներկայացված առաջարկների համար՝ քննարկումն առանձնացնելով իր պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և խոստանալով հաշվի առնել ներկայացված առաջարկներն ու դիտողությունները:

Վազգեն Մանուկյանն օրենքի նախագծի ուսումնասիրման նպատակով Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է ի մի բերել քննարկման ընթացքում հնչած տեսակետները, առաջարկներն ու դիտողությունները և մշակել համապատասխան փաստաթուղթ՝ պատրաստվելով այն առաջիկայում քննարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ:

Հայերեն

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան