Արցախ

Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը

2 րոպեի ընթերցում

Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ – ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարեւթյուններ հաստատել Ստեփանակերտի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունը՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն ասել է.

«Ողջունում ենք Հոնոլուլուի քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ։

Նմանատիպ հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա Արցախի և ԱՄՆ Հավայի նահանգի միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։ Երկկողմ կապերի հաստատումը մնում է մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Արցախի իշխանությունները շարունակելու են ջանքերը՝ օտարերկրյա պետությունների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտներում համատեղ գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ»։

Հոնոլուլուն ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը՝ ավելի քան 350000 բնակչությամբ։ 2016 թ. մարտի 29-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել, իսկ ապրիլի 20-ին մեկ այլ բանաձև է ընդունվել Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի կողմից, որը սատարում է Արցախի Հանրապետությանն ու նրա իշխանությունների շարունակական ջանքերը՝ երաշխավորելու Արցախի քաղաքացիների իրավունքները։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում