Երևանյան բեսթսելեր 4/89. «Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքն ամենավաճառվածներից է

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում էՆարինե Աբգարյանի «Մանյունյա»գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը:

Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի Դաշնության ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Իր դիրքը բարելավել և երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ»գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչու՞ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Վիպակը և պատմվածքները հրատարակվել են՝ հիմք ընդունելով 1983-ին լույս տեսած երկհատորյակը, որտեղ հեղինակը մասնակի փոփոխություններ է կատարել: Այն հրատարակվել է Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Երրորդ հորիզոնականում է Նոբելյան մրցանակակիրՍվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները»ստեղծագործությունը: Սվետլանա Ալեքսիևիչը (ծնվել է 1948 թվականին) համաշխարհային ճանաչում ունեցող բելառուս արձակագիր է, որը գրում է ռուսերեն: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին,հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը, խմբագրել է Տիրուհի Նազարեթյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն»գործը զիջել է իր դիրքերը և չորրորդն է: Ժողովածուն ընթերցողի համար կարող է դառնալ ինտելեկտուալ և մտավոր փորձառության բավական կարևոր հանգրվան: Ինչպես հեղինակն է համարձակորեն ասում գրքում, իր բախտը բերել է: Ծնվել է այն ժամանակաշրջանում, երբ գրականության մեջ կարծես ամեն ինչ ասված է, և իրեն մնում է միայն խոսել այն մասին, ինչի մասին նախորդները չկարողացան խոսել: Խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Հինգերորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

«Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքը մուտք է գործել ամենավաճառվածների ցանկ` զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը: Գիրքը Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում:

Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Թարգմանել և խմբագրել է Լուսինե Համբարյանը։

Մեր շարք է վերադարձել և յոթերորդ տեղը զբաղեցրել ՍտեֆանՑվայգի «Ընտիր նովելներ»գիրքը: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդավորություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Ութերորդ տեղում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը»ստեղծագործությունն է: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Ֆրանսերենից թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել` Արքմենիկ Նիկողոսյանը:

Անտուան դըՍենտ-Էքզյուպերիի «Մարդկանցերկիր»-ը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքը և իններորդն է: Դրանում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ժողովածուն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել՝ Գալյա Հովհաննիսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է ժամանակակից արձակագիրՀովհաննես Երանյանի «Մեղքի պարան»ստեղծագործությունը: Հեղինակի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ` հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ո°ւր է քո եղբայրը կամ` ո°ւր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից` ըմբոստացում, որ երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նարինե Աբգարյան «Մանյունյա» Լուսաբաց 58
2 +2 Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» Դարակ 32
3 * Սվետլանա Ալեքսիևիչ «Վերջին վկաները» Բուկինիստ 24
4 -2 Արամ Ավետիս «Կույր կետադրություն» Անտարես 20
5 +2 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 15
6 Նոր Աննա Ֆրանկ «Աննա Ֆրանկի օրագիրը» Էդիթ Պրինտ 15
7 * Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» Բուկինիստ 12
8 * Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» Անտարես 12
9 -1 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» Էդիթ Պրինտ 11
10 -4 Հովհաննես Երանյան «Մեղքի պարան» Անտարես 10

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում