Երևանյան բեսթսելեր 4/88. «Կույր կետադրություն», «Միս ուտողները», «Մեղքի պարան» գրքերը համալրել են ամենավաճառվածների շարքը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում էՆարինե Աբգարյանի «Մանյունյա»գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը:

Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի Դաշնության ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Խմբագիրն է Ռոբ Մանուկյանը:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը երկրորդն է մեր ցանկում: Այն ընդգրկում է «Գիրք 1․ Տեսունակ կուրություն», «Գիրք 2․ Անհետացող քաղաքի քարտեզը», «Գիրք 3․ Կետադրության համընդհանուր պատմություն» բաժինները (բանաստեղծություններ), ինչպես նաև երիտասարդ պատմաբան Երվանդ Վարդանյանի «Մեծ աչքի համաստեղություն» վերջաբանը։ Խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրիգի «Հիսուսի կատուն»վերադարձել է ցանկ և զբաղեցրել երրորդ պատվավոր հորիզոնականը: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ՝ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ: Գիրքը խմբագրել է Գուրգեն Խանջյանը:

Չորրորդ տեղում Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչու՞ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Վիպակը և պատմվածքները հրատարակվել են՝ հիմք ընդունելով 1983-ին լույս տեսած երկհատորյակը, որտեղ հեղինակը մասնակի փոփոխություններ է կատարել: Այն հրատարակվել է Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Լրագրող Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» գիրքը հինգերորդն է: Այն 22 պատմվածքների ժողովածու է: «Միս ուտողները» ժողովածուի թեմատիկ առանցքում մարդիկ են և նյութապաշտությունը: Գիրքը ուտելը կուռք դարձնելու մասին է, երբ նյութապաշտությունը հաղթում է շատ ավելի կարևոր բաների: Այն մարդկանց մասին է, իսկ մարդկանց իրենց մասին պատմությունները հետաքրքրում են: Խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել ժամանակակից արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» ստեղծագործությունը: Հեղինակի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ` հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ո°ւր է քո եղբայրը կամ` ո°ւր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից` ըմբոստացում, որ երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան: Գիրքը խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և յոթերորդ տեղում է հանգրվանել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Անտուան դըՍենտ-Էքզյուպերիի «Մարդկանցերկիր»-ը ութերորդն է: Դրանում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ժողովածուն թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել՝ Գալյա Հովհաննիսյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ իններորդ տեղում է Նոբելյան մրցանակի դափնեկիրՕրհան Փամուքի «Կարմրահեր կինը»վեպը: Այն արծարծում է ինքնության որոնման թեման՝ ճակատագրապաշտության իշխող մոտիվով: Գրքում զուգորդված են «Ռոստամ և Զոհրաբի», «Էդիպ արքայի» սյուժեները՝ յուրօրինակ փոխակերպմամբ: Գիրքը թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Չքնաղ նոր աշխարհ» գիրքը: 20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել:

Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է առաջին անգամ: Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Հայրապետյանի:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նարինե Աբգարյան «Մանյունյա» Լուսաբաց 73
2 Նոր Արամ Ավետիս «Կույր կետադրություն» Անտարես 50
3 * Գրիգ «Հիսուսի կատուն» Անտարես 30
4 Նոր Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 24
5 Նոր Հովիկ Աֆյան «Միս ուտողները» Անտարես 20
6 Նոր Հովհաննես Երանյան

«Մեղքի պարան»

Անտարես 20
7 -4 Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 19
8 -4 Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» Էդիթ Պրինտ 17
9 Օրհան Փամուք

«Կարմրահեր կինը»

Անտարես 15
10 Նոր Օլդոս Հաքսլի

«Չքնաղ նոր աշխարհ»

Զանգակ 15

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում