Արցախ

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նախագիծը

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքի նախագիծն 28 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց Արցախի Ազգային ժողովում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

ԱԺ նիստում հանդես գալով ելույթով՝ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել նախագիծը թե՛ բովանդակության և թե՛ մշակման ու Ազգային ժողով ներկայացման կարճ ժամանակահատվածի համար:

Նախագիծը մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն ընձեռում է լայն և որակապես նոր հնարավորություններ արդյունավետորեն իրականացնելու իր սահմանադրական առաքելությունը:

Հատուկ ուշադրության են արժանի նախագծի նորամուծությունները: Մարդու իրավունքների պաշտպանի համարսահմանվել են խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմին բնորոշ և վերաբերելի միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր բովանդակային լիազորությունները: Սահմանվել է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ ակտերի մշակման փուլում դրանց կատարելագործմանը նպաստելու իրավական լայն գործիքակազմ: Ամրագրվել են երեխաների իրավունքների երաշխավորմանը նպաստելու լրացուցիչ իրավական գործիքներ: Հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը ներառվել են մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը ենթակա հարցերի շրջանակ: Ընդարձակվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախության երաշխիքները: Ամրագրվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառուցվածքային և գործառնական ճկուն մոդել, այն է` բովանդակային գործառույթ իրականացնող ստորաբաժանման` դեպարտամենտի առանձնացում, ինչպես նաև հասարակական հիմունքներով խորհրդականների ինստիտուտ:

Նախագիծը մշակվել և խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը ամիսներ անց, մինչդեռ գործող օրենսդրությունը Հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար նախատեսված է երեք տարվա ժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում