Հայ արիները Քարահունջում նշել են հայ տեսակի արարման տոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ արիները նոյեմբերի 25-ին, լուսաբացին նշել են Հայ տեսակի արարման տոնը: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այն նշեցին Քարահունջի պատմական աստղադիտարանի տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից։ ՀԱՄ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, ի մասնավորի, նշվում է․ «Օրը փակ ծիսակարգով է տոնվել: Ծեսն արել են Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասից երեք քրմեր եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նախ՝ եռանկյան, ապաեւ՝ քառանկյան խորհրդապաշտական էությամբ ծիսակարգ է կատարվել Աստվածահայր Արային ուղղված: Այն ուղեկցվել է խորհրդապաշտական նշանների երեք, ապաեւ՝ չորս անկյուններում ծիսական կրակներ վառելով եւ ձոներգերով: Այնուհետեւ եռանկյուն եւ քառանկյուն կրակները բացվեցին, եւ տոնը շարունակվեց արդեն բաց ծիսակարգով: Հետո հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները աստղադիտարանի տարածքում շրջան կազմեցին՝ ձեռքներին մեկական փունջ անթառամով՝ ի նշան հայ ազգի սկզբնական, ներկայիս եւ հետայդու առաքելության անխախտության: Փառաբանեցին Հայ տեսակի Գերագույն Աստծուն, որ իր Տիեզերական Զորություններն ու Շնորհներն ուղղի նաեւ Հայ տեսակի ազգային ու մարդկային որակների առողջացմանն ու կայունացմանը: Ի դեպ, լուսադեմին, ճիշտ նույն ժամին, հայ արիական երեք քրմեր երրորդության ծես արեցին Երեւանում՝ Վահագնի հուշարձանի մոտ ՝ Հայոց ռազմի ու զորության Վահագն Աստծուն ուղղված: Քրմերը մեր զորության եւ արդար ուժի Աստծուց խնդրեցին, որ զորակցի հայ մարդուն եւ օգնի զորացնելու արարչակնիք մարդ տեսակի եռահամակարգ իրողությանը համապատասխան, որ հայ մարդու մարմինը, միտքն ու հոգին հավասարազոր համադրությամբ գործեն եւ տիեզերահաս հավատատեսությամբ առաջնորդվեն:

Վահագն Աստվածը փառաբանվեց նաեւ հայ զորականի կողքին լինելու եւ մշտապես իր զորությամբ պարուրելու համար, որ այսուհետ ավելի ու ավելի մեծ ուժով դառնա ապավենը մեր բանակի ու մեր առաջիկա հաղթանակների, որոնք մեզ հասցնելու են հայի գերնպատակի՝ հողահավաքի ու ազգահավաքի իրականացմանը:

Հայ Տեսակի Արարման տոնը ուշ երեկոյան կշարունակվի Երեւանում՝ ՀԱՄ կենտրոնական գրասենյակում: Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների համախմբման ներկայացուցիչները կփառաբանեն Տիեզերածին Հայ Տեսակին՝ կերդվեն հավատարիմ մնալ հայի բնական ծագմանը, էությանը, ինքնությանը:

Փառաբանումից հետո գրասենյակում Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը աշխատանքային քննարկում կկազմակերպի:

Օրակարգում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունների եւ դրանց փոխլրացնող քաղաքականության շարունակական աջակցության մասին հարցն է: Հայաստանը պետք է շարունակի մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների գործընկեր՝ միջնորդ-գործընկերոջ գործառույթներով՝ համադրելով «եւ՛ եւ՛»-ի սկզբունքները: Այլեւս բացառելով «կամ կամ»-ի տարբերակը»։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում