Վիգեն Սարգսյանը վստահեցնում է` ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է`կրթությունն ընդհատած ու հայկական զինված ուժերում ծառայության անցած հրամանատար Մոնթե Մելքոնյանի ամենամեծ բերկրանքը կլիներ այն, որ իր անունով վարժարանը վաղվա սպայակազմի դարբնոց է դարձել: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց նախարարը` հավելելով, որ վարժարանի համար ընտրված «Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսն առավել քան խոսուն է: «Թեև այս վարժարանը գտնվում է բարձունքի վրա, սա, սիրելի մոնթեականներ, սկիզբն է այն ճանապարհի, որ բոլորս միասին ու, առաջին հերթին, դուք պետք է անցնենք մինչև բարձունք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեց, որ մեկ տարի առաջ այս օրերին որպես պաշտպանության նախարար այցելեց դեռևս Երևանում գործող ռազմամարզական վարժարան ու ծանոթացավ երկրին ծառայելու վստահությամբ լցված երիտասարդների վարժանքներին և ուսումնական գործընթացին: Հենց այդ օրն էլ, վերադառնալով նախարարություն, հղացավ գաղափարը, որ այդ ուղին ընտրած երիտասարդներն արժանի են լավագույն պայմաններին: «Ես այսօր ուզում եմ բոլոր մոնթեականների անունից շնորհակալություն հայտնել գերագույն գլխավոր հրամանատարին գաղափարը միանգամից սատարելու, կիսելու և անիրականանալի թվացող այս միտքը իրականություն դարձնելու համար»,-նշեց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով`հաշված ամիսների ընթացքում բազմաթիվ մարդկանց շարունակական ու հետևողական ջանքերով համալիրը հարմարեցվեց ռազմամարզական վարժարանի սաների համար: Նախարար Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Պետական եկամուտների կոմիտեին, որը կիսակառույց համալիրը բանակին փոխանցելուց զատ շարունակեց աջակցել այն վերջնական փուլի բերելու հարցում: Շնորհակալական խոսքերի արժանացան նաև «Այբ կրթական հիմնադրամը, «Թումո» կենտրոնն ու Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: «Շենքը վարժարան չի դառնա առանց բովանդակության: «Այբ» հիմնադրամն, ընդառաջ գալով մեր առաջարկին, ձեռնամուխ եղավ այս վարժարանի կրթական բովանդակության բարձրագույն չափանիշներին համապատասխանեցմանը: Շնորհակալություն նաև մանկավարժական կոլեկտիվի, նոր ընդունվող սաների ընտրության գործընթացում հետևողական աշխատանքի, այնուհետև հոգաբարձության կազմում ներգրավվելու համար»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` «Թումո»-ն էլ միացավ արտագնա առանձին հաստատությունում կենտրոն հիմնադրելու գաղափարին, իսկ գեղարվեստի պետական քոլեջը ոչ միայն վարժարանին նվիրեց իր սաների աշխատանքներից, այլև այնտեղ պարբերաբար անց է կացնում հայոց արվեստին ու մշակույթին նվիրված դասընթացներ:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատացին ու կանգնեցին գաղափարի կողքին: Մոնթեականներն ու պաշտպանության նախարարությունն անելու են ամեն ինչ, որ այս վարժարանը տարեց տարի գրավի երկրի լավագույն կրթահամալիրի, լավագույն հանրային ավագ դպրոցի համբավը»,-եզրափակեց ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հիմնադրվել է 1993 թվականին, 2017-ի սեպտեմբերից սկսել է գործել Դիլիջան քաղաքում: Այստեղ կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են: Վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում կատարել «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվել են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը երկուշաբթիից-ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում:

Հայերեն

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը