Հայաստանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում 20-30 հա տարածքի շահագործման նախնական հայտեր է ստացել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, որը նախատեսվում է շահագործման հանձնել նոյեմբերի վերջին, աշխատելու նախնական հայտեր է ստացել Ռուսաստանից, Իրանից, եվրոպական մի քանի երկրներից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, տեղական ընկերություններից որոշները ևս պատրաստ են ընդլայնել գործունեությունն ու արտադրական հզորություններ ստեղծել առաջիկայում գործարկվելիք ազատ տնտեսական գոտում: «Մեղրի ազատ տնտեսական գոտում 20-30 հա տարածքի նախնական հայտեր ունենք»,-ասաց Վահագն Լալայանը:

Նրա խոսքով`այն պահից, երբ գաղափարը սկսել է կյանքի կոչվել, ազատ գոտու և ծրագիրը, և ընդհանուր նկարագրությունը տարբեր լեզուներով տարածվել է բոլոր թիրախային երկրներում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության տարածքում: Նախնական հայտի ձևանմուշ են մշակել, որպեսզի հասկանան, թե որ ոլորտներում կլինեն հնարավոր ներդրումները: «Հիմնականում գյուղմթերքի վերամշակման, ծառայությունների մատուցման, զբոսաշրջային ենթակառուցվածքի, մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններ են հետաքրքրված: Սրանք այն ոլորտներն են, որոնց արտադրանքը հետաքրքիր կլինի տեղափոխել Իրան կամ հակառակը` Հայաստանում իրանյան ապրանքների արտադրության հիմնել ու ԵԱՏՄ կամ Եվրոպական շուկա տեղափոխել»,-ասաց նախարարության պաշտոնյան:

Անդրադառնալով հիմնական հայտերի ընդունման գործընթացի կազմակերպմանը` Վահագն Լալայանը նշեց, որ հայտերի ընդունումը կսկսեն ազատ գոտու գործարկումից անմիջապես հետո: Նա հավելեց, որ հայտերի ընդունման և հաստատման ընթացակարգը հնարավորինս պարզեցվել է ու հնարավոր կլինի գործունեության թույլտվություն ստանալ 15-20 օրում: «Տեսականորեն հնարավոր է, որ տարեվերջին այնտեղ արդեն լինեն գործող ընկերություններ»,-ասաց Վահագն Լալայանը:

Հայաստանի հարավում գտնվող ազատ տնտեսական գոտին, ըստ մեր զրուցակցի, Եվրասիական տնտեսական միության տարածքում գտնվող ութ տնտեսական գոտիներից մեկն է, որն ունի ավելի մեծ արտոնություններ` համեմատ մյուսների: Արտոնությունը պայմանավորված է նրանով, որ ազատ գոտին ամբողջությամբ կամ մասնակի համընկնում է ԵԱՏՄ սահմաններին։ «Արտոնությունը կայանում է նրանում, որ այնտեղ ֆիզիկական անձինք կարող են որոշակի չափաքանակներով առևտուր իրականացնել ու ապրանքները ձեռք բերել, այսպես ասած, duty free ռեժիմով»,-նշեց Վահագն Լալայանը:

Ինչ վերաբերում է իրանական կողմում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության ձևաչափին, ապա նախատեսվում է հետագայում մշակել նոր մեխանիզմներ, մինչև անգամ հնարավոր է գալ համատեղ ազատ տնտեսական գոտու գաղափարին:

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստում հաստատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին որոշումը: Դեռ տարեսկզբին հիմք է դրվել ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին:

ՀՀ տարածքում ներկայում գործում է 2 ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս»-ը և «Մերիդիան»-ը: Այս գոտիներում գրանցված է 17 ընկերություն, 10-ը գործունեություն են ծավալում «Ալյանս»-ում, 7-ը`«Մերիդիան»-ում:

Ազատ տնտեսական գոտում գործող ընկերություններին տրվում են մի շարք արտոնություններ, շահառուներն ազատվում են շահութահարկից և եկամտահարկից (գոտու տարածքում գտնվող ԱՏԳ-ի ռեզիդենտին պատկանող շենք, շինություններն ազատված են գույքահարկից), ավելացված արժեքի հարկից, ներմուծման ու արտահանման մաքսատուրքից: Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր ընկերություններ կամ ընդլայնել արդեն առկա ընկերության արտադրական հզորությունները կամ գործառնության ուղղությունները:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում