Էներգետիկա, գյուղատնտեսություն, հյուրանոցային բիզնես. ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ունի արտահանման 85 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ով ներկայացրեց արաբական երկրների հետ համագործակցության միտումները:

-Պարոն Ազիզյան, արաբական երկրների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար վերջին շրջանում մեր պետության կողմից ակտիվ քաղաքականություն է նկատվում: Բարձր մակարդակի այցելություններ եղան Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար: Ներկա փուլում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել:

-Նախ ուզում եմ նշել, թե արաբական շուկայում մեզ համար ինչն է կարևոր: Եթե մենք դիտարկում ենք գլոբալ միտումները, ընդհանրապես տնտեսական վայրիվերումները, ապա տեսնում ենք, որ արաբական աշխարհը բավական կայուն է եկամուտների տեսանկյունից: Արաբական Միացյալ Էմիրությունները բավական հետաքրքիր երկիր է: Այն դիտարկվում է որպես հարթակ դեպի այլ երկրներ մուտք գործելու համար: Այսինքն՝ ինքը լոգիստիկ մեծ հնարավորություններ, զարգացման պայմաններ ունեցող պետություն է: Բացի Էմիրություններից, մեզ համար կարևոր է Իրաքը, որը զարգացման, արտահանման լուրջ հնարավորություն ունի: Մեզ համար հետաքրքիր են Լիբանանը, Սիրիան, Կատարը: Մեր հիմնական նպատակներից մեկը շուկաների դիվերսիֆիկացումն է: Նպատակ ունենք թիրախավորել շուկաներ, որ կարողանանք և՛ արտահանել ապրանքներ, և՛ շուկաներից ներդրումներ բերել: Այսօր կան շուկաներ, որոնք տարբեր երկրներում իրականացնում են ներդրումներ: Նրանց համար բավական հետաքրքիր է եվրասիական տարածաշրջանը: Պետք է ակտիվացնել մեր աշխատանքը, որ այդ շուկաները Հայաստանը դիտարկեն որպես ներդրումային երկիր:

-Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արտահանման ներմուծման ի՞նչ ծավալների մասին կարող ենք խոսել: Ի՞նչ ցուցանիշեր կներկայացնեք:

- Այս տարվա 9 ամսվա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք դեպի ԱՄԷ ունենք արտահանման 85 տոկոս աճ: Նշեմ, որ մեր արտահանման դինամիկ զարգացումը գրանցվեց նախորդ տարվա երկրորդ կեսից: Ես դա կապում եմ քաղաքական, գործադիր մակարդակով երկկողմ այցելությունների, տարվա սկզբին ներդրումային ֆորում իրականացնելու հետ: Կարծում եմ, որ այս բոլորը բավական ազդեցություն ունեցան:Մի կարևոր գործոն ևս, Էմիրությունների հետ մշտապես ունեցել ենք առևտրի բացասական բալանս, սակայն այսօր տեսնում ենք, որ մոտեցրել ենք ցուցանիշները: Ներմուծումը կազմում է 70 մլն դոլար, իսկ արտահանման ցուցանիշը՝ 68 մլն դոլար: Այսինքն՝ որքան ներմուծում ենք, գրեթե այդքան էլ արտահանում ենք: Ես ասեմ, որ արտահանման մեծ պոտենցիալ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Ընթացիկ տարվա 9 ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 6-7 անգամ աճ է գրանցվել: Ներուժ տեսնում ենք մսի արտահանման ուղղությամբ: Ասեմ, որ հիմնականում դեպի Էմիրություններ արտահանում ենք ծխախոտ, ոսկերչական իրեր, մշակված ադամանդներ: Այս փուլում տեսնում ենք 4 հիմնական ուղղություն, որոնցում կարող ենք զարգացում ապահովել:

-Ներդրումային ֆորումից խոսեցիք, այդ տեսանկյունից տեղաշարժ կա՞: Ժամանակին խոսվում էր, որ Էմիրությունների բիզնեսը հետաքրքրված է էներգետիկ, հյուրանոցային ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:

-Իհարկե, վերականգնվող էներգետիկան այն հիմնական ուղղություններից մեկն է, որ հետաքրքրում է Էմիրությունների բիզնեսին: Կնքվել է համապատասխան հուշագիր քամու էներգիայի ոլորտում: Ներկայում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ: Հույս ունենք, որ այստեղ ներդրումների հոսք կլինի: Մյուս ուղղությունը գյուղատնտեսությունն է: Արդեն երկու ընկերություններ ինտենսիվ սկսել են այստեղ այգիներ հիմնել: Նաև ունենք համատեղ ընկերություններ, որոնք զբաղվում են և՛ գյուղմթերքի մշակմամբ, և՛ արտահանմամբ: Ներդրումային հաջորդ ուղղություններից մեկը հյուրանոցային բիզնեսն է: Առաջարկում ենք, որ ներդրողներն այստեղ հյուրանոցային ծառայություններ ստեղծեն իրենց իսկ զբոսաշրջիկների համար: Այդ ուղղությամբ ներկայացվել են մի քանի առաջարկներ, այժմ դրանք քննարկվում են: Մեր կարծիքով՝ հետարքրքություն կարող է լինել Ջերմուկի մասով: Հնարավորություն կա այդտեղ օդանավակայան հիմնելու, Էմիրություններից Հայաստան չվերթներ իրականացնելու համար: Մյուս ծրագիրը հանքային ջրի արտահանումն է:

-Անդրադարձաք զբոսաշրջության ոլորտին, ի՞նչ հեռանկարներ կան այս ուղղությամբ:

-Այստեղ մենք սկսել ենք ակտիվ աշխատել, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնել էմիրությունների շուկային: Առաջիկայում Էմիրություններում սպասվում են միջոցառումներ, որոնց շրջանակում մենք ևս կներկայացնենք մեր զբոսաշրջային հնարավորությունները:Նախատեսված է աշխատանք տեղի տուրօպերատորների հետ: Այդ հարցում արդեն կա պայմանավորվածություն համապատասխան կառույցի հետ: Ասեմ, որ իրենց Հայաստանում առաջին հերթին հետաքրքրում է բնությունը: Գալիս են մի երկիր, որն ունի բավական գեղեցիկ բնություն տարվա բոլոր եղանակներին համահունչ: Այժմ մշակում ենք տուրփաթեթներ մոտ ապագայում ներկայացնելու համար: Շեշտը կդրվի նաև ձմեռային, խոհանոցային տուրիզմի վրա: Կարծում եմ, որ առաջիկայում բարձր մակարդակի այցելությունները կշարունակվեն, քաղաքական մակարդակով մշտական այցելությունները լրացուցիչ խթան են բիզնեսի համար:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Հայերեն English Русский

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ