Հասարակական

Տարոն Մարգարյան հորդորել է Երևանի ամանորյա ձևավորման հարցում ցուցաբերել միասնական մոտեցում

2 րոպեի ընթերցում

Տարոն Մարգարյան հորդորել է Երևանի ամանորյա ձևավորման հարցում ցուցաբերել միասնական մոտեցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ արդեն աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման նախապատրաստման ուղղությամբ: Նշվել է, որ առաջիկա օրերին կավարտվի ամանորյա արտաքին ձևավորման առկա գույքի և պարագաների գույքագրումը, զուգահեռաբար կամփոփվեն հնարավոր նոր լուծումների վերաբերյալ ներկայացված առաջարկները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունուն, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և ամանորյա ձևավորման հարցում ցուցաբերել միասնական մոտեցում:

«Քաղաքի ամանորյա տոնական ձևավորման հարցում պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում: Ընդ որում, այս հարցում սերտորեն համագործակցեք նաև մասնավոր հատվածի հետ, ովքեր հատկապես վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ պատրաստակամությամբ են ներգրավվում տոնական ձևավորման աշխատանքներում: Նման պատրաստակամությունն, անշուշտ, պետք է խրախուսվի:

Ըստ այդմ, շահագրգիռ բոլոր տնտեսվարողներին օժանդակեք մասնագիտական խորհուրդներով, ինչի արդյունքում կունենանք մայրաքաղաքի միասնական տոնական տեսք: Սա ևս մեկ կարևոր քայլ կլինի Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում