Երևանյան բեսթսելեր 4/84. Պարույր Սևակի «Ընտիր էջեր» գիրքն ամենավաճառվածներից է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Երկրորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գիրքը խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Երրորդ հորիզոնականում նոր գիրք է: Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը արծարծում է ինքնության որոնման թեման ճակատագրապաշտության իշխող մոտիվով: Գրքում զուգորդված են «Ռոստամ և Զոհրաբի», «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ: Թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը, խմբագրել՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և չորրորդ տեղը զբաղեցրել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:

Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն գրավել է հինգերորդ հորիզոնականը: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր: Կազմել է Արմեն Ղազարյանը:

Վեցերորդ հորիզոնականում Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքն է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Իր դիրքերը մի քանի հորիզոնականով զիջել և յոթերորդ տեղն է զբաղեցրել Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպը: Այն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»-ը նույնպես անկում է ապրել և ութերորդն է:

Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Ֆրանսիացի մեծագույն նովելիստ Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ»-ն իններորդն է: Մոպասանի ստեղծագործությունների թեմաները` սեր, պատերազմ, բարոյականություն, սոցիալական անարդարություն, կապված են դարաշրջանի և իր անձնական կյանքի հետ: Նրա գրական ժառանգությունը համայն աշխարհի ընթերցասեր հասարակության չթուլացող հետաքրքրության առարկան է: Նովելներն ընտրել և խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է ամերիկացի գրող Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» գիրքը: Նման վեպ գրելու գաղափարը ծնվել է հեղինակի Հարավային Դակոտա ուղևորության ընթացքում: Գլխավոր հերոսը Քվենթին Ջեյկոբսենն է, ով մանկուց սիրահարված է իր հարևանուհուն՝ Մարգո Ռոթ Շպիգելմանին։ Քվենթինն ու իր ընկերներ Բենը, Ռադարը և Լեսլին անհետացած Մարգոյի հետքերով բացահայտում են «իրական» Մարգոյին: Ըստ «New York Times» ամսագրի՝ այն դեռահասների շրջանում ամենավաճառված գրքերից է: Թարգմանել է Ալինա Միրզոյանը, խմբագրել՝ Լուսինե Համբարյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում

են վայրի վարդեր»

Բուկինիստ 82
2 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 28
3 Նոր

Օրհան Փամուք

«Կարմրահեր կինը»

Անտարես 12
4 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի

թեթևությունը»

Անտարես 11
5 Նոր

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 10
6 *

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Ասողիկ 9
7 -3

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրքչյան 6
8 -2

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 5
9 -4

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 4
10 Նոր

Ջոն Գրին

«Թղթե քաղաքներ»

Էդիթ Պրինտ 4

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում