Արցախ

«Հեռուստամարաթոն-2017»-ի հասույթը կուղղվի Արցախում ոռոգման համակարգի և արևային էներգակայանների տեղադրման ծրագրերին

3 րոպեի ընթերցում

«Հեռուստամարաթոն-2017»-ի հասույթը կուղղվի Արցախում ոռոգման համակարգի և արևային էներգակայանների տեղադրման ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի հասույթը կուղղվի Արցախում երկու խոշոր ծրագրի իրագործմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ առաջինը խորքային հորերի, մյուսը արևային էներգիայի օգտագործման ծրագիրն է: «Արցախում ոռոգման պահանջը շատ մեծ է, քանի որ հողերի շուրջ 93 տոկոսը ոռոգելի չեն: Դրա համար մարդիկ ցանում են այն կուլտուրաները, որոնք քիչ ջրի կարիք ունեն կամ ընդհանրապես չունեն, բայց խնդիրը նրանում է, որ դրանցից ստացված շահույթը շատ փոքր է»,-ասաց Արա Վարդանյանը:

Նա հայտնեց, որ նպատակ ունեն կառուցելու ջրամատակարարման այս համակարգերը, որոնցից յուրաքանչյուրի շնորհիվ 10-15 հեկտար ոռոգվելու է, 6-10 ընտանիք ապահովվելու է կայուն աշխատանքով: «Յուրաքանչյուր համակարգի արժեքը 44-47 հազար դոլար է: Կլինեն համայնքներ, որտեղ կտեղադրվեն նաև կաթիլային ոռոգման խողովակներ»,-ասաց մեր զրուցակիցը: Նա տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ սերտորեն աշխատում են Արցախի կառավարության հետ, որպեսզի ծրագիրը համաֆինանսավորվի նրանց կողմից: «Համոզված ենք, որ այս ծրագիրը լուրջ տնտեսական ազդեցություն կունենա»,-ավելացրեց Վարդանյանը:

Անդրադառնալով երկրորդ ծրագրին` հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ առաջին փուլով ընտրել են Ասկերանի շրջանն ու Շուշին, որոնց բոլոր դպրոցները, մանկապարտեզները, գյուղապետարանները անցնելու են արևային էներգիայով սնուցման: «Նաև ընտրել ենք մի տիպային գյուղ`Քարին տակը` հերոս գյուղ է, որտեղ հիմնադրամն արդեն բազմաթիվ ծրագրեր իրականացրել է, բոլոր բնակիչերի համար տեղադրելու ենք արևային ջրատաքացուցիչներ: Ծրագիր շարունակական է լինելու, համոզված ենք, որ շատ մեծ արձագանք է ունենալու: Ընդհանուր առմամբ` պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհը գնում է արևային էներգիայի էլ ավելի մեծ կիրառման»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է մինչ հեռուստամարաթոնը եղած ֆինանսական խոստումներին, ապա, Վարդանյանի տեղեկացմամբ, հայաստանյան գրեթե բոլոր խոշոր բարերարների հետ բանակցություններն ավարտված են: «Գումարներն այս պահին չենք հայտարարի, դա կանենք նոյեմբերի 23-ին դրամահավաքի օրը: Բոլոր ավանդական բարերարները մասնակից են դառնալու, կխնդրեի, որ հասարակությունն էլ մասնակից դառնա, դրա համար դրամահավաքի բոլոր մեխանիզմները ստեղծել ենք»,-նշեց Արա Վարդանյանը:

«Հեռուստամարաթոն-2017»-ը կկայանա նոյեմբերի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում