Երևանում 2019-ին անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովը կշեշտադրի ապակենտրոնացման գաղափարը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն արդեն պատրաստվում է 2019 թվականին Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT), որին ակնկալվում է 2000-2500 պատվիրակի մասնակցություն 80 երկրից: Մշակվել է միջոցառման գործողությունների ծրագիրը, կազմվել է բյուջեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա տեղեկացմամբ` մեկ շաբաթից կկայանա այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որում ներգրավված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, Հայաստանի զարգացման հիմնադրամը, ԻՏՁՄ-ն: «Պետք է ներկայացնենք գործողությունների ծրագիրն ու բյուջեն։ Ճիշտ է` հիմնական կազմակերպչական աշխատանքները 2019 թվականին են նախատեսված, քանի որ այդ տարվա աշնանն է միջոցառումը, բայց կան քայլեր, որոնք արդեն իրականացրել ենք ու ծրագրում ենք նաև 2018-ին»,-ասաց Կարեն Վարդանյանը: Արդեն իրականացված քայլերից է բրենդի մշակումը, որը, սակայն, վերադիզայնի կարիք ունի, նախնական կայքի գործարկումը, որը ևս փոխարինվելու է ավելի լայն հնարավորություններ ունեցող ինտերակտիվ հարթակով:

«Եթե այսօրվա կայքը պատմում է միջոցառման մասին, մյուս կայքը պետք է ունենա բիզնեսը բիզնեսի համար միջավայր, բոլոր գրանցվածները պետք է տեսնեն մյուսներին, որ պայմանավորվեն գործնական հանդիպումների համար, ինչպես նաև կարողանան կայքի միջոցով կապ հաստատել կազմակերպիչների հետ: Դրան զուգահեռ կպատրաստվի նաև շարժական հավելված»,-ասաց ԻՏՁՄ տնօրենը:

Հաջորդ տարվա ծրագրերից է Հնդկաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին մեր երկրի` բարձր մակարդակով մասնակցությունը, մասնավորապես, ցանկալի է, որ պատվիրակությունը ղեկավարի երկրի վարչապետը։ «Դա ստանդարտ գործընթաց է, երբ հաջորդ հյուրընկալ երկրի վարչապետը գնում ու ՏՏ համաշխարհային գործիչներին հրավիրում է իր երկիր»,-նշեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա, ըստ Կարեն Վարդանյանի, այն գրեթե կախված չէ երկրից, հիմնական ծախսերը յուրաքանչյուր երկրում տատանվում են 3.5-4 միլիոն դոլարի սահմաններում: Իհարկե, լինում են նաև երկրներ, որոնք ավելի շատ միջոցներ են ծախսում: Նախատեսվում է միջոցառումն անցկացնել պետություն-մասնավոր հատված ներդրումների միջոցով:

Մեր զրուցակցի խոսքով` 2018-ին նախնական թիմը կսկսի աշխատել հովանավոր-գործընկերների և պատվիրակների ցանկեր կազմելով։ Նախնական պայմանավորվածություն կա, որ միջոցառումն անցկացվի Մարզահամերգային համալիրում։ Երևանում անցկացվելիք համաժողովի հիմնական լոզունգն է` «ապակենտրոնացման ուժը»: «Այսինքն՝ մենք ուզում ենք շեշտել, որ այսօրվա աշխարհում կապ չունի՝ որտեղ ես դու գտնվում, եթե բավականաչափ ջանքեր ես գործադրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կամ որևէ այլ ճյուղում, հենց դու կարող ես դառնալ կենտրոն»,-նշեց Կարեն Վարդանյանը։

Նա կարծում է, որ Հայաստանում համաշխարհային համաժողովի անցկացումը լուրջ ազդեցություն կունենա ոլորտի զարգացումների վրա առաջիկա մի քանի տարիներին: Այն թույլ կտա ՏՏ համաշխարհային քարտեզի վրա հստակ տեղորոշում ունենալ: «ՏՏ բիզնեսի, կրթության և պետական ծրագրերի շուրջ 2000 առաջնորդ գալու է Հայաստան: Սա շատ լուրջ հնարավորություն է մեր մասնագետների համար` լավ ծանոթություններ ձեռք բերելու համար, որը լրացուցիչ խթան կտա Հայաստանում ՏՏ զարգացմանը։ 6-7 տարի լուրջ ազդեցություն կունենա ոլորտի վրա»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը` հավելելով, որ կոնգրեսը կարևոր մտքերի ու զարգացման միտումների գեներացման վայր է:

Ինչ վերաբերում է մասնակցությանը, այն ենթադրում է գրանցման վճար, սակայն ակնկալվում է, որ ուսանողական ու երիտասարդական խմբերի կսահմանվեն մեծ զեղչեր:

WCIT-ն անցկացվում է 1978 թվականից: Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Դեռևս 2014 թ-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակումմասնակցության հայտ է ներկայացրել և ստանձնել2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը:

Այս տարի ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվել է Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանը մասնակցում է միջոցառմանը:

Հայերեն العربية English Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին