Արցախը պետք է աշխատի այն կառույցների հետ, որոնք կողմ են ազգերի ինքնորոշմանը. իսպանաբնակ փորձագետ
3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախի Հանրապետության կառավարության հրավերով Իսպանիայից ժամանած դիվանագետ, Քլինգենդալ համալսարանի պրոֆեսոր, Իսպանիայի միջազգային քոլեջի դասախոս, անկախ փորձագետ Շոն Ռիորդանը հոկտեմբերի 29-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ ասել է, որ Արցախը պետք է աշխատի այն կառույցների հետ, որոնք ավելի շատ կողմ են ազգերի ինքնորոշման իրավունքին: «Դիվանագիտության մեջ երկու կարևոր սկզբունքներ են գործում. դրանք ազգերի ինքնորոշման իրավունքն է և տարածքային ամբողջականությունը: Եվրոպան տեղ է տալիս ազգերի ինքնորոշման իրավունքին, բայց Իսպանիան դեմ է սրան և կողմ է միայն տարածքային ամբողջականությանը»,- նշել է Շոն Ռիորդանը և, այս համատեքստում անդրադաձել արցախյան հիմնախնդրին։ «Արցախն անկախ է, բայց ճանաչված չէ, ի տարբերություն Կատալոնիայի, որն անկախ չէ, բայց ցանկանում է անկախանալ»,- ընդգծել էՇոն Ռիորդանըև հավելել, որ երկու հիմնախնդիրների միջև ինքը սկզբունքային տարբերություններ է տեսնում:
Նա նշել է, որ եվրոպական կառավարությունները օժանդակում են իսպանական կառավարությանը, քանի որ նրանք չէին ցանկանում տարածաշրջանը ապակայունացնել և խզել իրենց հարաբերություններն Իսպանիայի կառավարության հետ:
Հինգ տարի առաջ Կատալոնիային նոր կարգավիճակ շնորհվեց Իսպանիայի կողմից, սակայն այս որոշումը բողոքարկվեց և մերժվեց իսպանական դատարանի կողմից, և այդ մերժումն ու տնտեսական ճգնաժամը, ըստ իսպանացի դիվանագետի, դարձան այժմյան իրադարձությունների հիմքը:
Արդեն երկրորդ օրն է՝ Շոն Ռիորդանը Արցախի պետական համալսրանի ուսանողներին է ներկայացնում սոցիալական մեդիան և դիվանագիտությունը: Նա ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ:
«Արցախպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ երրորդ անգամ է գտնվում Արցախում և, իր փորձով կիսվելուց բացի, ցանկանում է մատնանշել Արցախի՝ իբրև չճանաչված պետության ձևավորած արդյունավետ դիվանագիտական ռազմավարությունը:
«Որևէ անհրաժեշտություն չկա, որպեսզի ճանաչված պետությունները լինեն նորարար: Չճանաչված պետությունների համար այն ավելի կարևոր է, քանի որ նրանց վրա ճնշումը շատ ուժեղ է, և նրանք կարող են կիրառել թվային տեխնոլոգիաներ՝ համացանցը, կիբերտարածությունը. այնպիսի միջոցներ, որոնք 20 տարի առաջ չեն եղել»,- ասել է Շ. Ռիորդանը և ավելացրել, որ նոր դիվանագիտության մեջ միայն կառավարությունը չէ, որ կիրառում է այս թվային միջոցները, կան բազմաթիվ դերակատարներ, որոնց կառավարությունը պարզապես պետք է հնարավորություն տա թվային դիվանագիտությամբ զբաղվելու և միջազգային հարթակում գործունեություն ծավալելու:
Խոսելով Արցախում կիրառվող թվային դիվանագիտության մասին՝ դիվանագետն ասել է, որ երևույթն արդեն նկատելի է, բայց զարգանալու տեղ ունի:
Հանդիպմանը բանախոսն ուսանողներին տվել է «Հիբրիդային դիվանագիտության ռազմավարությունն Արցախում» թեմայով առաջադրանք` ծանոթանալու համար նրանց մոտեցումներին Արցախի ճանաչման գործում: