Բյուրականի Արտավազիկ եկեղեցում առաջին անգամ նորոգման աշխատանքներ են իրականացվում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթերորդ դարում կառուցված Արտավազիկ եկեղեցին, որը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում նորոգվում է: Այստեղ վերականգնման աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում: Աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ միասին հոկտեմբերի 28-ին Արտավազիկում էր:

«Եկեղեցու հատակը մասնակի տեղահանված է. շինարարները վերականգնել են դրա մի մասը: Գետնախարիսխներից որոշ հատվածներ մասնակիորեն քայքայված են. նորոգում ենք այդ մասը: Կանգուն մնացած պատերը, հատկապես՝ հարավարևելյան հատվածը, ամբողջությամբ քայքայված էր ու այնտեղ ջուր էր ներթափանցում՝ արագացնելով քայքայումը: Աշխատում ենք լուծել նաև այդ հարցը: Լրացվում են տանիքածածկույթի որոշ հատվածներ, հեռացվելու է ջրի թաց կետը, որը վնասում է կառույցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նա ընդգծեց, որ եկեղեցին ամբողջությամբ վերականգնելու ծրագիր դեռ չկա, քանի որ միջոցները սուղ են: Առաջնային նպատակը եղածը պահպանելն է:

Արտավազիկի վերականգնման համար պետբյուջեն տրամադրել է 11 մլն դրամ:

Վերակառուցվում են նաև Արմավիրի մարզի Թարգմնաչաց վանքը և Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երեք հուշահամալիրների վերականգնման աշխատանքներն էլ իրականացնում է «Արհովշին» շինարարական կազմակերպությունը:

Անդրադառնալով կազմակերպությանը՝ Արմեն Ամիրյանն ասաց. «Մենք հայտնվել էինք մի շրջանակում. հայտարարվող մրցույթներին մասնակցում և հաղթում էին միևնույն տեխվերահսկողներն ու շինարարական կազմակերպությունները, ինչն արդեն իսկ շատ վատ էր։ Մրցույթի պայմաններից հանեցինք շինարարական ընկերության հուշարձանների վերականգնման ոլորտում առնվազն 5-10 տարվա փորձառության պահանջը։ Փոխարենը նշեցինք, որ մրցույթին կարող է մասնակցել առանց հիշյալ փորձառության կազմակերպություն՝ իր աշխատանքում ներգրավելով փորձառու մասնագետի։ Արդյունքում դաշտում հայտնվեցին թեև պակաս փորձառությամբ, բայց նոր կազմակերպություններ:

Դա կարևոր է, քանի որ լուրջ վտանգներ են թաքնված այնտեղ, որտեղ տասնամյակներ շարունակ շինարարական հրապարակները միմյանց միջև են բաժանում միևնույն ընկերությունները»,- շեշտեց նախարարը։

Արմեն Ամիրյանը կարծում է, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեկնարկին հատուկ բոլոր դժվարություններով հանդերձ, մրցույթի անցկացման և հանրային վերահսկողության նման ձևաչափը հետագայում շոշափելի արդյունք կտա։

Արտավազիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Նրա հարևանությամբ է գտնվում 13-րդ դարի հսկա խաչքարը: Արևելքում եկեղեցու խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս-արևելյան անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին ութերորդ դարումավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատունը։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։

Հայերեն Русский

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է

Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմում է գրեթե 100 տոկոս

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանում վերջին ութ տարիներին մշակույթի և սպորտի ոլորտի պետական ֆինանսավորումը շարունակական աճել է

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը յոթ տարում ավելացել է ավելի քան 140 տոկոսով

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները