Տնտեսություն

Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին Երևանում ու հայտնեցին ոլորտում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին: «Քաղաքական հարցերով չունենալով որևէ տարաձայնություն և ունենալով բազմաթիվ ոլորտներում համագործակցություն, ավելի քան համոզված եմ, որ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը ստացվելու է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ պետք է լինել առավել թափանցիկ ու երկու կողմերի գործարարներին:

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի խոսքով` Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները խորն են ու ռազմավարական, ինչպես նաև առկա է երկուստեք կամք` զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Մենք խիստ հետևողական ենք երկու երկրների միջոցով տարանցիկ գործունեության ապահովմամբ, այդ իսկ նպատակով լուրջ աշխատանքներ ենք իրականացնում մաքսային հատվածում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-ասաց Թաղահի Նեժաթը:

Կողմերը քննարկեցին նաև 1998 թվականից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի արդիականացման հարցը: Այս համաձայնագիրը հնարավորություն է տրվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց ազատվել կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը: «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը` վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության ու վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,-նկատեց Վարդան Հարությունյանը:

Իրանական կողմից առաջարկ հնչեց ստեղծել աշխատանքային խումբ երկու երկրների հարկային ոլորտում հարաբերությունները զարգացնելու նպատակով: «Այն կնպաստի ոչ միայն փորձի փոխանակման ակտիվացմանը, այլև գործարարների միջև կապերի ամրապնդմանը, երկու երկրների ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,-հավելեց իրանցի պաշտոնյան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում