Արցախի ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի սենատոր Դավիդ Կնեզեկին՝ սեպտեմբերի 28-ին Սենատում Արցախի անկախությունը ճանաչող թիվ 99 բանաձևի նախաձեռնման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, նամակում մասնավորապես ասվում է.«Միչիգանի Սենատի կողմից ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարևոր քայլ է մեր երիտասարդ ժողովրդավարության հանդեպ միջազգային աջակցության առումով: Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ճանաչումը և նրա միջազգային ներգրավվածությունը լրացուցիչ խթան կհանդիսանան Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման ու վերջնական խաղաղության հաստատման համար»:
Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև Միչիգանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լարա Ներսիսյանին՝ ԱՀ անկախությունը սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած ավանդի համար: