Արցախ

Աշխարհի 17 երկրների երիտասարդ քաղաքական գործիչներ կայցելեն Արցախ

3 րոպեի ընթերցում

Աշխարհի 17 երկրների երիտասարդ քաղաքական գործիչներ կայցելեն Արցախ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 17 երկրից 25 պատվիրակներ` երիտասարդ քաղաքական գործիչներ, կայցելեն Արցախ: ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի հրավերով Արցախի Հանրապետությունում կլինեն Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, երիտասարդ քաղաքական գործիչները ԱՄՆ-ից են, Նոր Զելանդիայից, Իսրայելից, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրներից:

«Ակտիվ երիտասարդ քաղաքական գործիչներ են, որոնցից շատերը վաղվա ղեկավարներ, պաշտոնյաներ են: Այսինքն` մենք այսօր կազմակերպում ենք վաղվա ղեկավարների այցելություններ Արցախ: Ծանոթացնելու ենք Արցախի ժողովրդավարական զարգացումներին, բնակիչների առօրյային, կոնֆլիկտի լուծման տրամաբանությանը, պատմամշակութային վայրերին»,-ասաց Գևորգ Ղուկասյանը:

Ծրագիրը բավական հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Արցախի քաղաքական ղեկավարության, Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Կլինեն այցելություններ պատմամշակութային վայրեր, ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոն և այլն:

Իտալիայի Սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Ռոզելա Պերան նշեց, որ իր այցելությունը Հայաստան, Արցախ առաջին անգամ է:

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, կարևորում եմ մեր այցելությունը Արցախ: Պետք է տեղում ծանոթանալ խնդրին, հասկանալ իրավիճակը: Հավաքագրված ինֆորմացիան ես կփոխանցեմ իմ գործընկերներին: Իտալիայում քչերը գիտեն Արցախի, կոնֆլիկտի մասին»,-ասաց Ռոզելա Պերան:

Բուլղարիայի Սոցիալ-դեմոկրատական երիտասարդական կուսակցության ատենապետ Դմիտր Միտևը, ի տարբերություն իտալացի գործընկերոջ, Հայաստանում 2-րդ անգամ է, սակայն Արցախում լինելու է առաջին անգամ:

«Բուլղարիայում ապրում են բազմաթիվ հայեր, նրանք շատ հարգված են: Ղարաբաղյան հիմնախնդրի մասին որոշ չափով տեղյակ եմ: Ես զուգահեռներ եմ անցկացնում Կոսովոյի հետ: Ինչպես տեսանք, այն ընդունվեց միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, Արցախը բոլոր հիմքերն ունի միջազգային ճանաչում ստանալու համար»,-ասաց Դմիտր Միտևը: Նա կարևորեց այսպիսի այցերը, որ օտարերկրացիները տեղում հասկանան ղարաբաղյան հիմնախնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում