Արցախի Նոր Վերինշեն գյուղում ուսուցիչների բոլոր թափուր տեղերը լրացված են
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարան նոր ուսումնական տարում ընդունվել են վեց աշակերտ: Եվս տաս սան ընդունվել են նախակրթարան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նոր Վերինշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը, նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 55 աշակերտ: Այս տարի դպրոցը տվել է 4 շրջանավարտ, որոնցից 2-ն ուսումը շարունակում են բուհում:
«Նախորդ ուստարվա համեմատ այս տարի մեր աշակերտների թիվն ավելացել է 2-ով: Տարեկան գյուղում ունենում ենք 4-5 ծնունդ, իսկ որ շատ կարեւոր է, երիտասարդները, ընտանիք կազմելով, մնում են տեղում: Ուսուցիչների թափուր տեղերը լրացված են, ուստի կադրային խնդիրներ եւս չունենք:Մեր դպրոցի ուսուցիչներով ու աշակերտներով մասնակցել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացման տոնակատարությանը՝ այն համարելով մեր դպրոցի ու գյուղի համար զարգացման կարեւորագույն միջոց ու հերթական հաջողությունը:Հուսով ենք, որ առաջիկա տարիներին մեր գյուղն ու դպրոցը շատ ավելի բազմամարդ կդառնան, կյանքի որակն էլ ավելի կբարելավվի»,-ներկայացրեց Շահեն Մարգարյանը:
Խոսրով Խլղաթյան