Արցախ

Աշոտ Ղուլյանն Արցախի պետական համալսարանում վարել է «Անկախության դասը»

2 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանն Արցախի պետական համալսարանում վարել է «Անկախության դասը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան: Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի եւ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետեւ համալսարանի դահլիճում հանդես եկել բանախոսությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով պրոֆեսորա-դասախոսական կազմին ու ուսանողներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է ԱրՊՀ դերը ոչ միայն հանրապետության կրթական ու գիտական համակարգում, այլեւ որպես ազատության համար պայքարի եւ պետականության հիմքերի ձեւավորման կենտրոն՝ նկատի ունենալով 1988թ. ազատագրական շարժման ընթացքում նրա ունեցած մասնակցությունը:

Այս համատեքստում խոսելով 26-ամյա ինքնիշխան հանրապետության անցած ճանապարհի մասին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ միջազգայնորեն երկրներին ընդունում են ոչ միայն արտաքին չափանիշներով, այլեւ նրա կենսունակությամբ, ինչը պահանջում է սեփական ուժերին ապավինելու ու ամենօրյա հետեւողական աշխատանքով երկիրը զարգացնելու գիտակցում:

«Արցախի այսօրվա երիտասարդությունն ավելի համարձակ ու վստահելի է, քան ավագ սերունդը: Միաժամանակ պետք է գիտակցենք, որ պայքարը դեռ շարունակվում է,իսկ դա նշանակում է, որ ձեր սերնդի տեսլականից է կախված լինելու մեր երկրի ապագան: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է լավագույնը լինի իր մասնագիտական ոլորտում, քանի որ ժամանակակից աշխարհում, ուր տիրում է սուր մրցակցություն, թույլերի ու միջակների համար տեղ չկա»,- իր խոսքն ամփոփել է Ազգային ժողովի նախագահը:

Առաջին կուրսի ուսանողներին բարի երթ են մաղթել ու ներկաներին գալիք Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել են նաեւ ԱՀ ԿԳՍ նախարարն ու ԱրՊՀ ռեկտորը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում