Բուլղարացի լրագրողը ՄԱԿ-ի հետաքննություն է պահանջում Ալիևի միջազգային հանցագործությունների վերաբերյալ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարական Труд օրաթերթի նախկին լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում օգոստոսի 24-ին ազատել են աշխատանքից, հավաստիացնում է, որ իրեն աշխատանքից հեռացնելու որոշման հետևում կանգնած է Ադրբեջանը և Ալիևի վարչախումբը: Դիլյանա Գայտանջիևան Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին դիվանագիտական չվերթների միջոցով զենքի մատակարարման դեպքերը ներկայացնող հոդվածից հետո խնդիրներ էր ունեցել:

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Դիլյանա Գայտանջիևան մանրամասներ ներկայացրեց դեպքի առնչությամբ: Լրագրողը պատմում է, որ օգոստոսի 23-ին կանչվել է Բուլղարիայի ազգային անվտանգություն:

«Ինձ զանգահարեց Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը և հրավիրեց իրենց գրասենյակ, որտեղ ինձ հարցաքննեցին լրագրողական հետաքննության աղբյուրի վերաբերյալ: Ես պատմեցի, թե ինչպես եմ ստացել այդ գաղտնի փաստաթղթերը, սակայն հրաժարվեցի հայտնել տեղեկության աղբյուրը, քանի որ պարտավոր չեմ բացահայտել այն»,- նշում է Դիլյանա Գայտանջիևան:

Դիլյանա Գայտանջիևան Բուլղարիայի ազգային անվտանգության շենքից հեռանալուց մի քանի ժամ անց զանգ է ստացել Труд օրաթերթից:

«Հարցաքննությունից մի քանի ժամ անց ես զանգ ստացա իմ աշխատավայրի քարտուղարից, ով խնդրեց ինձ աշխատանքային օրվա վերջին ներկայանալ գրասենյակ: Գնացի գրասենյակ, և առանց որևէ բացատրության ինձ տեղեկացրին, որ հեռացված եմ աշխատանքից: Ես անգամ չհանդիպեցի գլխավոր խմբագրի հետ:

Համոզված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են ազդեցիկ դեմքեր՝ և ոչ միայն Բուլղարիայում: Այս հարցը անձնական չէ, այլ վերաբերում է Ադրբեջանին, որն իր պետական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչներին և այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարման շղթայի մեջ»,- մանրամասնում է Գայտանջիևան:

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից ադրբեջանական ավիաընկերության միջոցով ահաբեկիչներին զենք մատակարարելու մերկացնող նյութից հետո, դեսպանատունը խնդրել է հետաքննել դեպքի հանգամանքները:

«Այդ նյութի հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպանատունը բողոք ներկայացրեց՝ նշելով որ այդ հոդվածն ուղղված է իր երկրի դեմ: Այո՛, դա ուղղված է, ինչպես իրենց այնպես էլ դրանում ներգրավված մյուսների դեմ: Ադրբեջանի դեսպանատունը կոչ է արել հետաքննել իմ գործունեությունը, և հիմա, ահաբեկիչներին զենք մատակարարողների հանցավոր գործունեությունը հետաքննելու փոխարեն փորձում են պարզել իմ տեղեկությունների աղբյուրը»,- մեզ հետ զրույցում նշեց բուլղարացի գործընկերը:

Դիլյանա Գայտանջիևան, անդրադառնալով օրաթերթի քայլին, նշեց, որ իր պայմանագիրը խզվել է առանց բացատրության, ուստի ակնհայտ է, որ այդ օրաթերթը պատրաստ չէ լինել ինքնուրույն լրատվամիջոց և աջակցել անկախ լրագրությանը:

Լրագրողը, խոսելով իր հետագա գործունեության մասին, նշեց, որ պատրաստվում է վերադառնալ Սիրիա և անկաշկանդ շարունակել իր հետաքննությունը:

«Մի քանի ադրբեջանցիներից, որոնք սերտորեն կապված են Բաքվի կառավարության հետ, զայրացած մեկնաբանություններ եմ ստացել: Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և այլևս ոչինչ չունեմ կորցնելու: Շարունակելու եմ անել այն, ինչը, որ անում էի»,- ասում է բուլղարացի լրագրողը:

Դիլյանա Գայտանջիևան արդարության հաստատման և ճշմարտության բացահայտման բոլոր կողմնակիցներին կոչ է անում համախմբվել ալիևյան ռեժիմի անօրինությունների դեմ և պայքարել: Լրագրողը բողոքում է նաև ալիևյան ռեժիմի այս քայլերին հակադրվելու հարցում դժկամությունից: Նրան չեն աջակցում նաև տեղի իր լրագրող գործընկերները:

«Նրանք վախենում են արտահայտել իրենց կարծիքը և պատմել ճշմարտությունն Ադրբեջանի մասին: Հավաստիացնում եմ, որ Ադրբեջանը միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին: Այն ինչ պատահեց ինձ հետ, առաջին դեպքը չէր. ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»,- ասաց Գայտանջիևան:

Գայտանջիևան համոզված է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները պետք է հետաքննվեն ՄԱԿ-ի կողմից:

«Ադրբեջանական իշխանությունները պետք է միջազգային իրավունքով պատասխանատվության ենթարկվեն: Ես ունեմ բազմաթիվ տեսանյութեր և ապացույցներ, որ ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից մատակարարված զենքով Սիրիայում սպանվում են անմեղ քաղաքացիներ»,- շեշտում է բուլղարացի լրագրողը:

Հետաքննող լրագրողը նշեց, որ բացի զանազան ճնշումներից, որոնք Ադրբեջանը կիրառում է խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, լայնորեն կիրառվում է նաև կաշառքը: Այդ ճանապարհով նրանք բուլղարական մի շարք ԶԼՄ-ներում պատվիրում են իրենց դրական լույսի ներքո ներկայացնող հոդվածներ և լռեցնում անցանկալի ձայները:

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան,ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը,հեռացվել է աշխատանքից:

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող«Տրուդ»-ի կայքում հուլիսի2-ին հրապարակվել էր սկանդալային մի հետաքննություն,որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում:Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ էր կատարվել հիմնականում ԱդրբեջանիSilk Way Airlinesպետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա,Իրաք,Աֆղանստան,Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

Պատրաստեցին Դավիթ Մամյանը և Արեն Պետունցը

Հայերեն العربية English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը