Քաղաքականություն

Ադրբեջանի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԱԽ քարտուղար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականապես համաձայնեցված է, ներկայում բանակցությունների հիմնական մասը վերաբերում է փաստաթղթի ստորագրման տեղի և ժամանակի որոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի միջնորդության առաջարկին՝ Գրիգորյանը նշել է, որ Մոսկվան այդ դերն արդեն ունեցել է երկար ժամանակ, սակայն ներկայում բանակցությունները ընթանում են հիմնականում երկկողմ ձևաչափով։

«Ռուսաստանը միջնորդի դեր ունեցել է, երկար ժամանակ ունեցել է։ Այս պահին պարզապես բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, և դրա մասին և Երևանն է խոսել, և Բաքուն»,– ասել է նա։

Լրագրողների հարցին, թե արդյոք այդ ձևաչափը բավարար արդյունավետ է և հնարավո՞ր է վերադարձ միջնորդավորված գործընթացին, Գրիգորյանը պատասխանել է, որ երկկողմ բանակցություններում արդեն իսկ կա արդյունավետություն, ինչի վկայությունն է տեքստի ամբողջական համաձայնեցումը։

Հարցին, թե Թուրքիայի ակտիվ ներգրավվածության պայմաններում արդյոք հնարավոր է դիտարկել Ռուսաստանի միջնորդությունն այս փուլում, Գրիգորյանը արձագանքել է․ «Իսկ Ռուսաստանը ո՞ւմ կողմից է լինելու։ Այդ հարցի պատասխանը երբ որ ունենաք, այդ հարցը կքննարկենք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում