Պաշտոնական

ԱԻ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է հրդեհաշիջման աշխատանքների մասին. հրավիրվել է խորհրդակցություն

2 րոպեի ընթերցում

ԱԻ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է հրդեհաշիջման աշխատանքների մասին. հրավիրվել է խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո Հանրապետության Նախագահին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաև մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված մեկ այլ անտառային հրդեհի մարման ուղղությամբ նախարարության և պետական այլ կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, նաև մասնավոր ընկերությունների աջակցությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախարար Տոնոյանը զեկուցել է նաև հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ:

Նախագահը օգոստոսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու իրավիճակը, մինչ այժմ իրականացված և հետագա կանխարգելիչ քայլերը, հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում