Արցախ

ԱՀ ԱԺ նախագահը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԱՀ ԱԺ նախագահը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա հետ Արցախ ժամանած«Մարդասիրական օգնության հիմնադրամ»կազմակերպության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՀանրապետությանԱզգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ տեսել է մարդու իրավունքների պաշտպանության հրամայականը եւ տարիներ շարունակ հետեւողականորեն պաշտպանել այն:

Խոսելով Արցախի հետ բարեկամության եւ իրականացվող ծրագրերի մասին՝ բարոնուհին ընդգծել է, որ թեեւ Արցախ է այցելում արդեն 86-րդ անգամ, այնուամենայնիվ, ամեն անգամ յուրովի է բացահայտում Արցախը և ականատես լինում դրական փոփոխությունների ու նոր ձեռքբերումների:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նոր Սահմանադրության առաձնահատկությունները, մասնավորապես պետական կառավարման եւմարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտներում նախատեսված փոփոխությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ խորհրդարանական համագործակցության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում