«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ը վերածվում է հիմնադրամի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ը վերածվում է հիմնադրամի: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ որոշման նպատակն է առավել խթանել մատաղ սերնդի ռազմամարզական կրթության շուրջ 20 տարվա փորձ ունեցող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը՝ ապահովելով նրա ինքնավարությունը կրթական, կառավարման և ֆինանսատնտեսական ուղղություններով: «Դա կօգնի բարձրացնել ներքին ինքնակառավարման մակարդակը, ինչը նշանակում է, որ կմեծանա սովորողների ռազմամարզական նախապատրաստության արդյունավետությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ 2017 թվականին «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանում մեկ տեղի համար 3 դիմորդ է պայքարել:
Վարժարանը ներկայումս գործում է ՀՀ պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակով, ինչը հնարավորություն չի ընձեռնում ծավալել և ընդլայնել կառավարման ու ֆինանսատնտեսական առավել արդյունավետ մասշտաբներ: Կառավարության 2017 թվականի մարտի 16-ի որոշման համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Դիլիջանում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնին պատկանող անշարժ և շարժական գույքը, որի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի այն կառավարվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: