Արցախ

Եկ Արցախ. Գանձասարի վանական համալիրում առաջիկայում կստեղծվի հացի մշակույթի թանգարան

4 րոպեի ընթերցում

Եկ Արցախ. Գանձասարի վանական համալիրում առաջիկայում կստեղծվի հացի մշակույթի թանգարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրը, որպես ճարտարապետական եզակի կոթող, անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին, ովքեր հատկապես ամառվա շրջանում ընտրում են Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը Վանք գյուղի մոտակայքում է. դեռեւս 2000-ականներին մեկնարկեցին վանական համալիրի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում էին ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի միջոցներով:

Գանձասարի վանքն առաջին անգամ օծվել է Վարդավառի տոնին, եւ ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 23-ին, վանքում նշվեց օծման 777-ամյակը:

Արցախյան ազատամարտի ժամանակ վանքը եղել է հակառակորդի հիմնական թիրախներից մեկը. վանքի պատերի, պարիսպների վրա մինչ այսօր կարելի է տեսնել 90-ականներից մնացած ռմբակոծության հետքեր, անգամ չպայթած արկը, որն արձակվել է վանքի ուղղությամբ, սակայն այդպես էլ նպատակին չի հասել:

Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով՝ վանական համալիրի վերանորոգմանն ուղղված բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում, որոնք շարունակական բնույթ են կրում:

«Հիմնահատակ վերանորոգում է իրականացվել՝ խցերը, քառուղիները, ընդհանուր համալիրը: Առաջիկայում նպատակ ունենք հացի մշակույթի թանգարան ստեղծել այստեղ, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհին ներկայացնել, թե ինչպիսի զարգացումներ է ունեցել հացի մշակույթը հայոց բարձրավանդակում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վանահայրը:

Գանձասարի պատմության՝ 11 լեզվով թարգմանված գիրքը առավել ընկալունակ եւ մատչելի է դարձնում զբոսաշրջիկների այցը դեպի վանական համալիր, որտեղ նրանք՝ ըստ վարդապետ Շաքարյանի, հատկապես տպավորվում են մարդկանց հյուրասիրությամբ:

Վանքի մոտակայքում նաեւ կարելի է տեսնել Գանձասարի մատենադարանը, որը նույնպես կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Այն բաղկացած է գիտական և թանգարանային բաժիններից, դահլիճից, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գիտաժողովներ, գրադարանից ու ընթերցասրահից: Արցախյան մատենադարանում կարելի է ծանոթանալ վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ընկած ժամանակահատվածն ընդգրկող ձեռագրերին, հնատիպ գրքերին:

Ինչպես հենց վանքի պատերին փորագրված պատկերներն են առեղծվածային ու չբացահայտված, այդպես էլ չորս կողմում սփռված բնաշխարհը, որն արժե կյանքում գոնե մեկ անգամ տեսնել ու զգալ:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 22-24-ը հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արցախ: Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առնչվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում