Տնտեսություն

«Հայաստան. Ոսկեգործության օրեր 2017» ցուցահանդեսն աշխարհում իրացվելի կդարձնի հայկական ոսկերչական ապրանքները

2 րոպեի ընթերցում

 «Հայաստան. Ոսկեգործության օրեր 2017» ցուցահանդեսն աշխարհում իրացվելի կդարձնի հայկական ոսկերչական ապրանքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրի տարածքում հուլիսի 7-9-ը կազմակերպվելու է հայ ոսկեգործների «Հայաստան. Ոսկեգործության օրեր 2017» խորագրով առաջին ցուցահանդես-վաճառքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդես-վաճառքին մոտ 750 հայկական ոսկերչական ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքները տարբեր երկրների շուրջ 65 գնորդներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը ողջունելի համարեց կազմակերպված ցուցահանդեսը: Նրա խոսքով` այն հերթական հարմար առիթն է մեր արտադրանքը աշխարհին ցուցադրելու համար:

«60-ից ավելի գնորդներ են եկել տարբեր երկրներից: Գնորդներ կան ՌԴ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, ԱՄԷ-ից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից: Սա շատ լավ հարթակ է փորձելու մեր ապրանքն իրացվելի դարձնել աշխարհում»,- ասաց նա:

«Տաջիկական հազվագյուտ մետաղներ» պետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Կոմիլի Կամոլջոնի դիտարկմամբ` Տաջիկստանի ներկայացուցիչների համար հետաքրքրիր է ներկա գտնվել ցուցահանդեսին: Նրա խոսքով` հայկական և տաջիկական կողմերը կարող են այս ոլորտում փոխադարձ շահավետ գործարքներ իրականացնել:

«Մենք մասնակցում ենք ցուցահանդեսին և կարծում ենք, որ հայ և տաջիկ գործարարների միջև համագործակցությունը կկայանա: Մենք այսօր ստորագրել ենք համագործակցության հուշագիր, համապատասխանաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի այն չլինի միայն ստորագրությունով»,- ասաց նա` ավելացնելով, որ հանդիպել են տեղի կազմակերպությունների հետ և պայմանագիր են ստորագրել:

«Ոսկեգործության օրեր. Հայաստան» ոլորտային ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է տարեկան երկու անգամ` հոկտեմբեր և ապրիլ ամիսներին: Հաջորդ ցուցահանդեսը կայանալու է հոկտեմբերի 5-7-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում