4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում արևային էներգիայի ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Արցախի վարչապետի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ոլորտի հնարավորությունների ուսումնասիրություն:
«Վարչապետը հստակ հանձնարարական է տվել՝ սահմանել ժամանակացույց: Վեցամսյա ժամկետում պետք է մեր մասնագետներն ուսումանսիրեն արևային էներգիայի ոլորտի հնարավորությունները: Ներկայում այդ փուլում ենք, ուսումնաիրություններն ավարտելուց հետո կներկայացնենք կոնկրետ առաջարկներ արևային էներգիայի ոլորտը զարգացնելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Փոխնախարարը համոզված է, որ Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի:
«Նախնական գնահատականներ դժվարանում եմ ասել, ճիշտ կլինի սպասենք ուսումնասիրությունների ավարտին, այժմ քարտեզագրման աշխատանքներն են իրականացվում, տարածքներ են առանձնացվում: Ուսումնասիրություններն ավելի կոնկրետ ցույց կտան, թե որ հատվածներում կարող ենք արևային կայաններ տեղադրել: Ամեն դեպքում համոզված եմ, որ պոտենցիալը մեծ է, բավական հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար»,-ասաց նա:
Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ոլորտով հետաքրքվող ներդրողներ կան: Նրանց կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացվեն: Հետևաբար ուսումնասիրություններն ավարտելուց հետո Արցախի կառավարությունը թիրախավորված կաշխատի ներդրողների հետ:
Նախարարությունն առաջնային է համարում նաև արևային էներգիայի կարևորության հետ կապված բնակչության հետ աշխատանքը: Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ այդ ուղղությամբ տեղեկատվական բնույթի աշխատանքներ տարվում են, ու դրանք շարունակվում են: Վարչապետը հանձնարարել է նաև Քաղաքաշինության նախարարությանն ուսումնասիրել նորակառույց շենքերի տանիքներին արևային էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումները տեղադրելու հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր- հոկտեմբերին:
Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ ակտիվ աշխատում են Հայաստանի գործընկեր կառույցների հետ, որոնք բավական առաջ են անցել արևային էներգիայի ոլորտը զարգացնելու առումով:
Արցախի վարչապետը մարտին կառավարության նիստին անդրադարձել է էներգետիկայի ոլորտի հնարավորություններին: Նա կարևորել է հիդրոէներգետիկայի ներուժի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև շեշտադրել արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը: Նա նշել է, որ պետք է արևային էլեկտրակայանների կառուցման համար հարմար տարածքների հետազոտություններ կատարել, մանավանդ որ արդեն ներդրող կա, ով պատրաստ է կառուցել առաջին արևային կայանը: «Բացի դրանից, պետք է արևային մարտկոցներ տեղադրել բոլոր նոր կառուցվող բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար: Դրա շնորհիվ քաղաքացիները և՛ միջոցներ կտնտեսեն, և՛ փորձ ձեռք կբերեն: Այսինքն, մենք պետք է գիտակցենք արևային էներգետիկայի հեռանկարայնությունը և այսօրվանից զարգացնենք այդ ոլորտը»,- ասել է վարչապետ Արայիկ Հարությունյանը: