ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ANS TV–ի աշխատակիցները, այլևս ոչ մի ելք չտեսնելով Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակարգի կողմից ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող անօրինականություններից և ճնշումներից, փրկության խնդրանքով դիմել են Ադրբեջանի նախկին նախագահ, հանգուցյալ Հեյդար Ալիևի հոգուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական istipress.com-ը:
Թուրքիայում 2016թ-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարձազրույց անելու պատճառով փակված ANS TV–ի աշխատակիցները, ներողություն խնդրելով Հեյդար Ալիևից` իր հոգուն անհանգստություն պատճառելու համար, նրանից խնդրել են օգնել իրենց:
«Մեր մեծ առաջնորդ, մեր մեծ ընկեր, հարգելի Հեյդար Ալիև: Խնդրում ենք օգնել մեզ մեր հեռուստաալիքի փակման որոշումը բեկանելու հարցում»,- Հեյդար Ալիևին ուղղված բաց նամակում գրել են հեռուստաալիքի աշխատակիցները: