Արմեն Ամիրյանը հորդորել է վերահսկողություն հաստատել թատերական ոլորտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 15-ին կայացած ժողովին նշել է, որ այն մարդիկ, ովքեր ներկա չեն գտնվել Գյումրու թատրոնում բեմադրված «Շողոքորթը» ներկայացման պրեմիերային, շատ բան են կորցրել: Նա անդրադարձել է նաև թատրոնի խնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել այցերը մարզային թատրոններ, բայց՝ ավելի լավ ավտոբուսով:

«Թեև արկածային էր մեր ուղևորությունը Գյումրի, բայց մեկ արկածը, կարծում եմ, բավարար էր»,-կատակեց նախարարը՝ հիշելով շաբաթ օրը Գյումրի տեղափոխող ավտոբուսի տեխնիկական խափանումը, ինչի պատճառով իրենք Վարդան Աճեմյանի անվան թատրոնում «Շողոքորթը» ներկայացման պրեմիերային «մի կերպ» հասան:

Նախարարի խոսքով`պետք է հետամուտ լինել թատերական ոլորտում նախանշված բոլոր ծրագրերի իրականացմանը:

«Թատրոնները տարվա կտրվածքով շատ հստակ պետք է ներկայացնեն, թե որ օրը ինչ նոր բեմադրություն են ներկայացնելու: Ժամանակացույցը թող իրենք սահմանեն, բայց հստակ հետևելու ենք իրենց իսկ նշած ժամկետների պահպանմանը: Պետք է ներկայացնեն, թե յուրաքանչյուր պրեմիերայից առաջ իրազեկման ինչ քայլեր են նախատեսված. մամուլի ասուլիս, հարցազրույցներ և այլն: Ամեն ինչ պետք է ընթանա ըստ ծրագրի և ժամանակացույցի»,-ասաց նախարարը՝ օրինակ բերելով Գյումրու թատրոնի արդյունավետ փորձը:

Նա հավելեց, որ մյուս թատրոններում էլ, գուցե, լավ ներկայացումներ լինում են, բայց մարդիկ չգիտեն դրանց մասին, չեն գալիս թատրոն, որովհետև փիար չկա: «Տեսե՛ք, թե ինչպես է աշխատում Գյումրու թատրոնը: Երկու երիտասարդ տղաներ Հանրապետության թատերական կյանքն ամբողջությամբ շրջել են: Ղեկը վերցրել են իրենց ձեռքը, և դա շատ լավ է: Մյուս թատրոնները ևս պետք է ձգվեն և նման աշխատաոճ որդեգրեն»,-շեշտեց Ամիրյանը:

Նախարարի խոսքով, նոր ներկայացումների համար թատրոնները հատկացումներ են ուզում պետբյուջեից. իսկ ինչու՞ նրանց աշխատած եկամուտը չի ուղղվում նոր ներկայացումների բեմադրությանը։

«Պետք է իրականացնել մոնիթորինգ, թե որքանո՞վ են իրականացվել մեր նախանշած ծրագրերը կոնկրետ ժամանակահատվածում: Պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել այն ՊՈԱԿ-ներում, որտեղ ծրագրերը չեն կատարվում:

Պետությունն աշխատավարձ է տալիս, հոսանքի գումար է վճարում, ամեն ինչ հոգում է, այդ ամենին զուգահեռ նաև ներկայացման գումարն է տալիս, ներկայացումը բեմադրում, դնում են անկյունում, ոչ ոք չի իմանում դրա մասին, կորչում, գնում է: Չի՛ լինելու այդպես…»,-եզրափակեց նախարարը:

Հայերեն

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը