Պաշտոնական

Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:

Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ:

Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին:

Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել դրանք:

Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ և նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի և խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են: Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու և տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր և արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով և խիզախումներով, որոնք լույս, ջերմություն և բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում