Երևանում անցկացվեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլի 23-ին կազմակերպեցին ջահերով ավանդական երթը, որը մեկնարկեց Ազատության հրապարկից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ ինչպես տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, այնպես էլ անհատ քաղաքացիներ:

Երթի մեկնարկից առաջ որպես բողոքի նշան ներկաները այրեցին Թուրքիայի պետական դրոշը:

Հայրենասիրական երգեր երգելով ու պահանջատիրական կոչեր վանկարկելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին: Անմար կրակի մոտ հոգևոր այրերն աղոթք հնչեցրին առ Աստված, խոնարհվեցին հազարավոր ծաղիկներ:

Լուսանկարը՝ Տիգրան Մեհրաբյանի

Հայերեն العربية Русский